Consumer Intelligence Research Partners-ի (CIRP) ընկերության վերջին զեկույցի համաձայն՝ iPhone 15-ը և 15 Plus-ը ԱՄՆ-ում ավելի քիչ տարածված են, քան Apple-ի նախորդ սերնդի սմարթֆոնները: Այս մասին հայտնում է MacRumors-ը։
2024-ի առաջին եռամսյակում վաճառված Apple սմարթֆոնների մեջ iPhone 15 Pro-ն և Pro Max-ը համապատասխանաբար կազմում են 22% և 23%: Իր հերթին iPhone 15-ը զբաղեցրել է շուկայի 14% մասնաբաժինը, իսկ 15 Plus-ը՝ 9%-ը։ Հատկանշական է, որ բազային iPhone 14-ին նույնպես բաժին է ընկել բոլոր վաճառքների 14%-ը:
CIRP վիճակագրությունը վկայում է, որ նոր iPhone 15-ը և 15 Plus-ը քիչ պահանջարկ ունեն ոչ միայն 2024-ին, այլև նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ մոդելների համեմատ: Այսպես, 2023-ի առաջին եռամսյակում iPhone 14-ի հիմնական տարբերակին բաժին է ընկել ամբողջ վաճառքի 19%-ը, իսկ 14 Plus-ին՝ 10%-ը։ Այսինքն՝ վաճառքի մեկնարկից վեց ամիս անց iPhone 14-ը և 14 Plus-ն ավելի պահանջված են, քան iPhone 15-ը և 15 Plus-ը՝ համապատասխանաբար 5%-ով և 1%-ով։
Ըստ ընկերության՝ սա վերջին երկու եռամսյակների միտման շարունակությունն է․ երբեմնի առաջատար iPhone 15-ը, այլևս առաջնային ընտրություն չէ օգտատերերի համար, քանի որ այդ դերն ստանձնել են Pro և Pro Max մոդելները։
Հետաքրքիր է, որ CIRP-ի տվյալներով՝ Apple-ի հին սմարթֆոնները դեռ շատ տարածված են ԱՄՆ-ում: Այսպես, iPhone SE-ն, iPhone 13-ը և iPhone 13 mini-ն 2024-ի առաջին եռամսյակում կազմել են բոլոր վաճառված iPhone-ների համապատասխանաբար 5%, 9% և 1%-ը:






