Երկիրն արդեն մոտ 4,5 միլիարդ տարեկան է, և Լուսինը գրեթե այս ողջ ընթացքում կապված է եղել Երկրի հետ: Որոշ աստղաֆիզիկոսներ ենթադրում են, որ Լուսինն ստեղծվել է Մարսի չափ օբյեկտի հետ մեր մոլորակի բախման արդյունքում. հսկայական քանակի բեկորներ նետվել են տիեզերք, այդ նյութի մի մասը միավորվել է Երկրի ձգողության ազդեցության տակ և ձևավորել Լուսինը:
Հնարավո՞ր է, որ Լուսինը երբևէ անհետանա․ ի՞նչ հետևանքներ դա կունենա
Ըստ ՆԱՍԱ-ի Artemis 3 լուսնային առաքելության գիտնական Նոա Պետրոյի` կան աստղագիտական իրատեսական քիչ իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել Լուսնի անհետացմանը:
«Կարծում եմ, որ աստղագիտական միակ հավանական իրադարձությունը, որը կարող է տարանջատել Լուսինը Երկրից, կլինի ուժեղ հարվածը, որը կմասնատի Լուսինը ... նման այն ուժգին հարվածին, որը, ինչպես ենթադրվում է, հանգեցրել է Լուսնի ձևավորմանը։ Բավական մեծ օբյեկտը տեսականորեն կարող է կտոր-կտոր անել Լուսինը»,- ասել է Պետրոն:
Սակայն, բարեբախտաբար, Արեգակը և մոլորակները վաղուց արդեն կլանել են Արեգակնային համակարգի խոշոր օբյեկտների մեծ մասը: Պետրոյի խոսքով՝ միջաստղային տարածությունից Արեգակնային համակարգ մուտք գործած միջաստղային, ազատ շարժվող մոլորակը կարող է վնաս հասցնել Լուսնին, սակայն մեր արբանյակի հետ դրա բախման հավանականությունը չափազանց փոքր է:
Սակայն եկեք մի պահ ենթադրենք, որ Լուսինն իսկապես անհետացել է, իսկ Երկիրը մնացել է ամբողջական։ Ի՞նչ կփոխվի Երկրի վրա։ Ի՞նչ խնդիրներ կառաջանան։
Օվկիանոս
Ինչպես նշում է Space.com-ը, Լուսնի անհետացումն առաջին հերթին կազդի օվկիանոսի մակընթացությունների վրա, որոնք պատասխանատու են ափամերձ էկոհամակարգերի համար։ Միջմակընթացային գոտիներում ծովային կյանքը կա՛մ կմեռնի, կա՛մ կհարմարվի, և մենք, հավանաբար, ականատեսը կլինենք հիմնական էկոհամակարգերի փլուզմանը, որոնք որպես սննդի աղբյուր ապավինում են միջմակընթացային գոտիներին:
Աշխարհի բնակչության գրեթե երեք քառորդն ապրում է օվկիանոսից մոտ 50 կմ հեռավորության վրա, և միլիարդավոր մարդիկ կա՛մ բերք են հավաքում, կա՛մ սնունդ են հայթայթում միջմակընթացային գոտիներից: Այս էկոհամակարգի փլուզումը աղետալի հետևանքներ կունենա ափամերձ համայնքների համար:
Մակընթացությունները նաև կարևոր դեր են խաղում օվկիանոսի ընդհանուր ջերմակարգավորման, դրա շրջանառության և առափնյա կլիմայի կարգավորման գործում։ Այս մեխանիզմներին աջակցող մակընթացային ուժերի հանկարծակի անհետացումը հսկայական ազդեցություն կունենա մոլորակի վրա ջերմության և էներգիայի բաշխման վրա՝ անճանաչելիորեն փոխելով ջերմաստիճանն ու կլիման:
Կենսունակություն
Այժմ Երկիրն Արեգակի շուրջը պտտվում է որոշակի անկյան տակ (23,4 աստիճան), սակայն ժամանակի ընթացքում այս անկյունը փոքր-ինչ փոխվում է. 26,000 տարվա ընթացքում Երկրի առանցքի անկյունը Արեգակի շուրջն իր ուղեծրի նկատմամբ կփոխվի մոտ 2,4 աստիճանով: Լուսինն օգնում է այս փոփոխությունները վերահսկողության տակ պահել: Եթե Լուսինն անհետանա, ապա այս անկյունը կարող է ավելի վաղ և արագ փոխվել, ինչի հետևանքով կվերանան կանխատեսելի եղանակները, իսկ Հյուսիսային և Հարավային բևեռները երբեմն կհայտնվեն հասարակածում:
Այս ամենը կարող է ծայրահեղ կտրուկ ազդեցություն ունենալ Երկրի բնակելիության վրա, քանի որ երբեմնի կանխատեսելի միջավայրն անբարենպաստ կդառնա կյանքի բազմաթիվ ձևերի համար։
Կենդանական աշխարհ
Մի շարք տեսակներ և էկոհամակարգեր մեծապես կախված են Լուսնի ֆիզիկական ազդեցություններից: Կարծիք կա, որ մոլորակի վրա կյանքը ևս զարգացել է Լուսնի և դրա ցիկլերի շնորհիվ։ Կենդանի էակների որոշ տեսակների կյանքի ցիկլերը կամ վարքագիծը պայմանավորված են Լուսնի ցիկլերով։ Օրինակ՝ թռչունների որոշ տեսակներ ապավինում են Լուսնի լույսին՝ որպես միգրացիոն ճանապարհորդությունների ազդանշան: Լուսնի ծագելու ժամանակը նույնպես կարևոր է Մեծ արգելախութում կորալների համաժամանակյա ձվադրման համար:
Լուսինը նաև լույսի աղբյուր է գիշերային տեսակների, հատկապես գիշերային գիշատիչների համար: Փոքր կաթնասունները գիշատիչների հարձակման վտանգի պատճառով սահմանափակում են իրենց գործունեությունը, երբ Լուսինն ավելի շատ լույս է տալիս։ Առանց այս լույսի, որսը լուրջ առավելություն կստանար գիշատիչների նկատմամբ:
Տիեզերքի հետազոտություն
Լուսինն առաջին այլմոլորակային մարմինն էր, որի վրա ոտք է դրել մարդը, և դրա անհետացումը մեծապես կազդի տիեզերքի հետազոտության մեր հետագա քայլերի վրա: Լուսինն այսօր կարևոր օղակ է ապագա աստղագիտական ճանապարհորդությունների համար, որտեղ մարդկությունը կարող է փորձարկել սարքավորումները և ավելին իմանալ Արեգակնային համակարգի մասին՝ առանց Երկրից շատ հեռանալու:
Բացի դրանից՝ Լուսինը, ըստ Պետրոյի, Արեգակնային համակարգի վաղ շրջանի համար ուրույն ժամանակային պարկուճ է։ Ուսումնասիրելով այն՝ մենք կարող ենք պատկերացում կազմել, թե ինչպես է Արեգակը զարգացել, իմանալ Լուսնի մակերեսի վրա ազդեցությունների պատմությունը և ինչպիսին էր այն Արեգակնային համակարգի վաղ փուլերում:
Ըստ նրա՝ Լուսնի անհետացման դեպքում մարդկությունը կկորցնի Երկրի ծագումը հասկանալու լավագույն ռեսուրսներից մեկը:






