2023-ին միկրոչիպերի համաշխարհային արտահանման առաջատար երկրներ են ճանաչվել Հոնկոնգը, Թայվանը, Սինգապուրը, Չինաստանը և Հարավային Կորեան։ Ներմուծման ցուցանիշներով ևս առաջատար են այս երկրները, սակայն՝ այլ հերթականությամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի հրապարակած տվյալները։
Գործակալությունը նշել է, որ 2023-ին Հոնկոնգը դարձել է չիպերի հիմնական արտահանողը՝ մեկ տարվա ընթացքում մատակարարելով 193,5 մլրդ դոլարի չիպ։ Հոնկոնգը չիպերի արտահանման համաշխարհային առաջատարն է արդեն տասը տարի։
Առաջին հնգյակում ընդգրկված երկրներից երկրորդ տեղում է Թայվանը, որն արտահանել է 166,6 մլրդ դոլարի ապրանք, երրորդ տեղում է Սինգապուրը (137,9 մլրդ դոլար), Չինաստանը (136,3 մլրդ դոլար) և Հարավային Կորեան (86,1 մլրդ դոլար):
Չինաստանը դարձել է միկրոչիպերի ներմուծման առաջատարը՝ մեկ տարվա ընթացքում գնելով 350,1 մլրդ դոլարի միկրոչիպեր։ Չինաստանն առաջին տեղում է արդեն 22 տարի (2002-ից): Բացի դրանից՝ ներմուծման թոփ հնգյակ է մտել Հոնկոնգը՝ 202,6 մլրդ դոլար գնման ծավալով, Սինգապուրը՝ 113,4 մլրդ դոլար, Թայվանը՝ 73,2 մլրդ դոլար և Հարավային Կորեան՝ 51,7 մլրդ դոլար։
Ավելի վաղ, Ամերիկյան կիսահաղորդիչների արդյունաբերության ասոցիացիան (SIA) հայտնել էր, որ կիսահաղորդիչների համաշխարհային վաճառքը 2023-ի վերջին 2022-ի համեմատ նվազել է 8,2%-ով և կազմել 526,8 մլրդ դոլար։






