ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ռաս ալ-Խայմա էմիրությունում մասնակցել է «Սիսայդ Ստարտափ Սամիթ ԱՄԷ 2024» (Seaside Startup Summit UAE 2024) կրթական գործարար համաժողովին:

Համաժողովի բացմանը Գևորգ Մանթաշյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, նշել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, իր առաջնահերթություններում և ծրագրերում կարևորելով ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հետևողական աշխատանք է տանում ստարտափների կայացման և առաջընթացի ուղղությամբ, աջակցում, որպեսզի նրանք ներկայացված լինեն կարևոր հարթակներում, ցուցադրեն իրենց լուծումներն ու պրոդուկտները, առևտրայնացնեն դրանք, ձեռք բերեն գործընկերներ:

««Սիսայդ Ստարտափ Սամիթ ԱՄԷ 2024»-ն այն կարևոր հարթակներից է, որի շրջանակում անցկացվող բազմաբնույթ քննարկումներն ու կրթական ծրագրերը լուրջ հնարավորություն են ստեղծում մասնակիցների համար՝ բարելավելու իրենց գաղափարներն ու նախագծերը, մշակելու նորարարական լուծումներ, ներկայացնելու դրանք տարբեր երկրներից ժամանած ներդրողներին և ներդրումային կազմակերպություններին, նոր գիտելիքներ ստանալ, գործարար հարաբերություններ հաստատել»,- ասել է նախարարի առաջին տեղակալը։

Գևորգ Մանթաշյանը նաև մի շարք քննարկումներ է ունեցել մասնակից ստարտափների հետ։

Seaside Startup Summit UAE 2024  1.jpeg (239 KB)


Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, ներդրողներ, ստարտափների ներկայացուցիչներ, վենչուրային ընկերություններ, փորձագետներ։

Միջոցառումն անցկացնում է «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ-Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

Ներկայացուցչական այս միջոցառման հիմնական նպատակն է նոր հարթակ ստեղծել ստարտափների, գործարարների, ներդրողների հանդիպման, փորձի փոխանակման համար, քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ:

Seaside Startup Summit UAE 2024  2.jpeg (236 KB)


Հատկանշական է, որ 2023-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համագործակցությունն ամուր հիմքերի վրա դրվեցին. դեկտեմբերի 21-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության վերաբերյալ, որպեսզի նորաստեղծ հայկական ընկերությունները միջազգային հարթակներում ներկայանալու փորձ ունենան։ Հուշագիրն ուղղված է նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի զարգացմանը, հայկական ստարտափ ընկերությունների առաջխաղացմանը, արհեստական բանականության գործիքների տարածմանն ու ներդրմանը:

Seaside Startup Summit UAE 2024  3.jpg (189 KB)