Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) մեկնարկում է ծրագիր, որն ուղղված է Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածության ապահովմանը: 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել ծրագրավորման, ինչպես նաև փափուկ հմտությունների դասընթացներ մարզի երիտասարդների համար: Մասնավորապես, 42 շահառու հնարավորություն կստանա մասնակցելու 6-ամսյա անվճար դասընթացների հետևյալ թեմաներով`

  • «Համակարգչային տեխնիկա/հիմնական հմտություններ»,
  • «Վեբ ծրագրավորում (HTML / CSS / JavaScript)»,
  • «Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)»
  • «Գրաֆիկ դիզայն (Graphic Design)»:

Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն նաև նոր ծանոթություններ ՏՏ ընկերությունների և ԳՏՏԿ գործընկեր կազմակերպությունների շրջանում` ընդլայնելով հետագայում աշխատանք գտնելու իրենց հնարավորությունները:

ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով` Իջևանում այս պահին գործող ՏՏ ընկերություններն ունեն մասնագետների կարիք, իսկ այս ծրագիրը կարող է լրացնել այդ բացը` պոտենցիալ մասնագետներ պատրաստելով այդ ընկերությունների համար: 

«Միևնույն ժամանակ, պետք չէ անտեսել հեռակա աշխատանքի անցնելու հնարավորությունները, որոնք այնքան ակտուալ են դարձել համավարակից հետո»,- նշել է նա:

ԳՏՏԿ-ի մասին

ԳՏՏԿ-ն հիմնադրվել 2005 թՀայ Օգնության Ֆոնդի կողմից և ֆինանսավորմամբ, նպատակը մեկն է՝ Գյումրին աղետի գոտուց վերածել տեխնոլոգիապես հզոր քաղաքի։

ԳՏՏԿ-ի Կրթական ծրագրերը հիմնաքարային են հանդիսացել Հայաստանում և Արցախում, որտեղ և սկսվել են տեխնոլոգիական զարգացումները: Բացի տեխնոլոգիական կրթական ծրագրերից, ԳՏՏԿ-ն համագործակցում է միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ՝ խթանելու թվային հմտություններն ու լուծումները:

Իր գործունեության 17 տարիների ընթացքում ԳՏՏԿ-ն հայաստանյան տեխնոլոգիական շուկա է հանել  5000 տաղանդավոր մասնագետների:

ԳՏՏԿ-ն այժմ գործում է Հայաստանի բոլոր մարզերում՝ նպատակ ունենալով կրկնօրինակել հաջողված մոդելը ի շահ տարածաշրջանի։