Վերջին օրերին Հայաստանի գիտական հանրությունում ակտիվորեն քննարկվում են միանգամից մի քանի իրադարձություններ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հրաժարականը և 2027 թվականի բյուջեի նախագծում գիտության ոլորտի համար նախատեսված ֆինանսավորումը։ Այս որոշումներն ու մոտեցումները հարցեր են առաջացնում գիտական քաղաքականության հետագա զարգացման, պետական առաջնահերթությունների և գիտական հանրության աշխատանքային պայմանների վերաբերյալ։
Վերոնշյալ իրադարձությունների հետ կապված գիտական հանրության մտահոգությունների մասին «Բա իմացա՞ր» հաղորդաշարի եթերում պատմել են Կիրառական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ Հայկ Սարգսյանը և CANDLE սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Բագրատ Գրիգորյանը:
Գործիքակազմն արդեն բավարար չէ դրված նպատակներին հասնելու համար
Հրաժարականից հետո Սարգիս Հայոցյանն իր որոշումը բացատրել էր նրանով, որ ստեղծված պայմաններում և առկա գործիքակազմով այլևս չի կարող ապահովել պլանավորված ծրագրերի իրականաуցման անհրաժեշտ տեմպն ու մակարդակը:
Բագրատ Գրիգորյանի խոսքով՝ այն «գործիքակազմը», որի մասին խոսում էր Սարգիս Հայոցյանը, կարող է ենթադրել գիտության ոլորտում պետական ռազմավարության իրականացման կոնկրետ մեխանիզմներ: Դրանք տարբեր մրցութային ծրագրեր են և այլ գործիքներ, որոնք պետք է ապահովեն գիտության առաջխաղացման և պետության առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ պայմանները:
«Գործիքակազմն արդեն բավարար չէ դրված նպատակներին հասնելու և նույնիսկ դրանց ուղղությամբ շարժվելու համար», — ասում է Գրիգորյանը։
Նա ենթադրում է, որ խոսքը կարող է վերաբերել առաջին հերթին պետական ֆինանսական և իրավական աջակցությանը: Եթե այս մեխանիզմները էականորեն փոխվեն, կամ աջակցության մակարդակը չափազանց ցածր լինի, ապա, նրա գնահատմամբ, դա այլևս բավարար չի լինի հայտարարված արդյունքներին հասնելու համար:
Աջակցության կրճատումը կարող է հարվածել երիտասարդ գիտնականներին
Գիտնականի մոտ առանձնահատուկ տագնապ է առաջացնում երիտասարդ հետազոտողների աջակցության հնարավոր կրճատումը։ Նրա խոսքով՝ սկզբնական ռազմավարությունը նպատակ ուեր գիտության մեջ ներգրավել երիտասարդություն և մի քանի տարվա ընթացքում նրանցից ձևավորել գիտական հանրության նոր սերունդ:
«Մարդը տեսնում է պետության կողմից ընդունված ռազմավարությունը, տեսնում է դրված նպատակները և նախատեսված ֆինանսական աջակցությունը և դրա հետ է կապում իր կյանքը», — նշում է Գրիգորյանը։
Նա ընդգծում է, որ գիտական կարերայի ընտրությունն ինքնին հեշտ չէ. այս ոլորտում մնում են մարդիկ, ովքեր իրականում նվիրված են իրենց գործին: Հատկապես կարիերայի սկզբում նրանց անհրաժեշտ է կայուն աջակցություն, քանի որ միաժամանակ ստիպված են լինում կառուցել մասնագիտական ապագան և լուծել անձնական կյանքի հարցերը:
Այդ իսկ պատճառով արդեն ընդունված ռազմավարության և պետական աջակցության մեխանիզմների կտրուկ վերանայումը, կարծում է Գրիգորյանը, կարող է ունենալ «անշրջելի հետևանքներ» ամբողջ երկրի համար:
Աշխատավարձերն ու դրամաշնորհները օգնեցին երիտասարդներին ներգրավել գիտության մեջ
Հայկ Սարգսյանը պարզաբանել է, որ վերջին տարիներին գիտության մեջ հայտնվել են ծրագրեր, որոնք էականորեն նպաստել են երիտասարդ մասնագետների հոսքին։ Նրա խոսքով՝ բազային ֆինանսավորման հաշվին աշխատավարձի բարձրացումը կարևոր քայլ էր, սակայն ինքնին այն դեռևս թույլ չի տալիս երիտասարդ գիտնականին լուծել բոլոր ֆինանսական հարցերը և կապել իր մասնագիտական ապագան գիտության հետ:
Լրացուցիչ դեր են խաղացել դրամաշնորհային ծրագրերը: Դրանք բավականին բազմազան էին և նպատակային, իսկ դրամաշնորհային վճարների համատեղումը բազային աշխատավարձի հետ երիտասարդ հետազոտողներին թույլ էր տալիս ստանալ եկամուտ, որն արդեն հնարավորություն էր տալիս մնալ գիտական ոլորտում:
Որպես օրինակ նա բերում է իր գործընկեր Վարդան Մարգարյանին, ով գիտություն է եկել ՏՏ ոլորտից, իսկ այսօր Ֆիզիկայի կիրռական պրոբլեմների ինստիտուտում ղեկավարում է լաբորատորիա և ձևավորել է երիտասարդ հետազոտողների թիմ:
Ծրագրերի սառեցումը խնդիր է ստեղծում նրանց համար, ովքեր պլանավորում էին աշխատել Հայաստանում
Այս ֆոնին գիտնականները հատկապես մտահոգիչ են համարում առանձին ծրագրերի հնարավոր կրճատումը կամ կասեցումը։ Որպես օրինակ Հայկ Սարգսյանը բերում է հետդոկտորական (պոստդոկտորական) ծրագիրը։
Նրա խոսքով՝ կան երիտասարդ մասնագետներ, ովքեր արդեն արտասահմանյան գործընկերների հետ պայմանավորվել են Հայաստան տեղափոխվելու և աշխատելու մասին, սակայն այժմ չեն հասկանում՝ արդյոք այդ պլանները կարող են իրականանալ։ Նրանց համար անորոշությունը նշանակում է վերանայել այն որոշումները, որոնք կայացվել էին մի քանի տարի առաջ:
«Ես գիտեմ մարդկանց, ովքեր արդեն պայմանավորվել են օտարերկրյա գործընկերների հետ, որ պոստդոկները պետք է գան Հայաստան, և այժմ նրանք չգիտեն, թե ինչ անել։ Սա արդեն շատ լուրջ համբավային հարված է երկրի համար», — ասում է գիտնականը։
Սարգսյանը կարծում է, որ նման իրավիճակները կարող են ազդել նաև ապագա գիտական ծրագրերի նկատմամբ վստահության վրա. մարդը պլանավորում է իր կյանքի մի քանի տարիները, հրաժարվում այլ հնարավորություններից, իսկ հետո տեղեկատվություն ստանում, որ խոստացված ֆինանսավորումը կարող է չկայանալ:
Հնգամյա ծրագրերը գիտնականներին հնարավորություն տվեցին պլանավորել ապագան
Սարգսյանի գնահատմամբ՝ առանձնահատուկ նշանակություն ուներ առաջադեմ հետազոտությունների դրամաշնորհների ծրագիրը։ Նա այն համարում է վերջին տարիների ամենանշանակալի ծրագրային լուծումներից մեկը։
Ծրագիրը նախատեսում էր հինգ տարի ժամկետով հետազոտական խմբերի ստեղծում։ Կարևոր պայման էր երիտասարդ գիտնականների ներգրավումը, ընդ որում՝ խմբերի կազմը ժամանակի ընթացքում կարող էր ընդլայնվել: Մասնակիցները ստանում էին համեմատաբար բարձր վարձատրություն, ինչը պայմաններ էր ստեղծում գիտության մեջ լիարժեք աշխատանքի համար:
«Բոլորը վստահ էին, որ սա տևական ծրագիր է, քանի որ հենց դա էր նպատակը», — նշում է Սարգսյանը։
Գիտնականների խոսքով՝ վերջին տարիների գիտական քաղաքականության ընդհանուր խնդիրը հայկական գիտության որակը միջազգային մակարդակի հասցնելն էր։ Խոսքը հրապարակումների և փորձարարական արդյունքների, լաբորատորիաների ստեղծման ու հագեցման, սարքավորումների ներգրավման և հետազոտական կոլեկտիվների ձևավորման մասին էր:
Այս գործընթացի ընդհատումը կարող է հանգեցնել նոր կադրային ձախողման
Բագրատ Գրիգորյանը կարծում է, որ վերջին տարիներին հայկական գիտության մեջ արդեն սկսել էր ձևավորվել մի համակարգ, որտեղ երիտասարդ հետազոտողները տեսնում էին մասնագիտական զարգացման հնարավորություն և դրա հետ էին կապում իրենց ապագան։ Հետևաբար, աջակցության դադարեցումը կամ կտրուկ կրճատումը կարող է հետևանքներ ունենալ առանձին ծրագրերի սահմաններից շատ հեռու:
«Հինգ տարի դուք լրջորեն զարգացրել եք այս համակարգը. ձևավորվել են ուժեղ կոլեկտիվներ, հայտնվել են լաբորատորիաներ, երիտասարդները ոգեշնչվել են, եկել գիտության մեջ և սկսել այստեղ տեսնել իրենց ապագան։ Եվ հանկարծ այս գործընթացը ընդհատվում է», — ասում է Հայկ Սարգսյանը։
Գիտնականն սա կապում է նաև ավելի երկարաժամկետ կադրային խնդրի հետ։ Նրա խոսքով՝ հետազոտողների այն սերունդը, որն այժմ ձևավորվում է և աստիճանաբար անցնում միջին տարիքային խումբ, պետք է դառնար երիտասարդ գիտնականների հետագա հոսքի հիմքը։
«Եթե սկսվի երիտասարդների զանգվածային արտահոսք, ես վատ եմ պատկերացնում, թե ինչ կլինի հետո», — ասում է Հայկ Սարգսյանը։
Նա հիշեցնում է, որ Հայաստանն արդեն անցել է մի ժամանակաշրջան, երբ տեղի է ունեցել կադրերի արտահոսք, ինչի հետևանքով այսօր գիտական ոլորտում գործնականում բացակայում էր միջին սերունդը: Նրա գնահատմամբ՝ այժմ հնարավորություն էր ստեղծվել աստիճանաբար լրացնելու այդ բացը, սակայն սկսված ծրագրերի սառեցումը կարող է կրկին խախտել գիտության մեջ սերնդափոխության հաջորդականությունը։
Գիտությունը պետք է լինի պետության ռազմավարական գործիք
Հայկ Սարգսյանը կարծում է, որ գիտությունը պետության համար կրթության, տնտեսության և անվտանգության զարգացման գործիք է։ Նրա կարծիքով՝ Հայաստանի համար տեխնոլոգիական զարգացումը երկարաժամկետ զարգացման անհրաժեշտ պայման է։ «Եթե մենք ուզում ենք այս տարածաշրջանում ամուր կանգնել մեր ոտքերի վրա և լուծել ինչ-որ հարցեր, մենք միանշանակ պետք է դառնանք տեխնոլոգիական երկիր: Այլ ելք չունենք», — ասում է նա։ Սարգսյանը հիշեցնում է, որ խորհրդային շրջանում Հայաստանում համեմատաբար կարճ ժամանակում ստեղծվել էր հզոր արդյունաբերական բազա։ Այժմ, նրա խոսքով, անհրաժեշտ է ձևավորել ուժեղ գիտական հանրություն, որը կկարողանա որոշել առաջնահերթ ուղղությունները և հիմք ստեղծել տնտեսության զարգացման և անվտանգության ամրապնդման համար։
Գիտնականը նաև սխալ է համարում գիտությունը գնահատել բացառապես արագ տնտեսական վերադարձի տեսանկյունից։ Որոշ արդյունքներ կարող են ի հայտ գալ զգալիորեն ուշ: Նրա խոսքով՝ պետությունը պետք է հետևողականորեն ֆինանսավորի ռազմավարական նշանակության ծրագրեր՝ անկախ իշխանությունների փոփոխությունից և քաղաքական առաջնահերթություններից։ Խոսքը այն նախագծերի մասին է, որոնք երկարաժամկետ նշանակություն ունեն երկրի համար։
Սարգսյանը կարծում է, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերը հենց այդպիսի նախաձեռնություններից էին։ Նրա գնահատմամբ՝ դրանք արդեն տվել են զգալի արդյունքներ։ «Ինձ համար սա երբևէ հանդիպած ամենաարդյունավետ աշխատող կառույցներից մեկն է», — ասում է գիտնականը։ Նա նաև ուշադրություն է դարձնում Կոմիտեի նախագահի հրաժարականին գիտական հանրության արձագանքին։ Նրա խոսքով՝ նման սուր արձագանքը ցույց է տալիս, թե որքան նշանակալի է եղել թիմի աշխատանքը։ «Սա բացառիկ դեպք է, երբ ղեկավարն ինքն է դիմում գրում հեռանալու մասին, և հանրությունն այդքան սուր է արձագանքում այդ հանգամանքին: Ուրեմն այս աշխատանքը մեծ նշանակություն է ունեցել, և թիմը կարևոր դեր է խաղացել», — կարծում է Սարգսյանը։
Ծրագրերի սառեցման դեպքում վտանգի տակ կհայտնվի գիտության զարգացման բուն ռազմավարությունը
2026 թվականին ընդունված գիտության զարգացման ռազմավարությունը նախատեսում է մի շարք թիրախային ցուցանիշներ մինչև 2030 թվականը, այդ թվում՝ գիտության վրա կատարվող ծախսերի ավելացումը մինչև ՀՆԱ-ի 1%-ը: Համաձայն ռազմավարության ուղենիշների՝ 0,75%-ը պետք է բաժին հասնի պետական ֆինանսավորմանը, իսկ 0,25%-ը՝ մասնավորին:
Այս ֆոնին Բագրատ Գրիգորյանը կարծում է, որ գործող ծրագրերի կրճատումը կամ սառեցումը կարող է վտանգել հենց ռազմավարության իրականացումը։ Նրա խոսքով՝ վերջին տարիների երկու ծրագրերն անմիջականորեն կապված էին դրա նպատակների հետ. մեկն ուղղված էր գիտության զարգացմանը, մյուսը՝ գիտական ուղղությունների արդիականացմանը։ Երկուսն էլ, ըստ գիտնականի գնահատման, պետք է բարձրացնեին հայկական գիտության մրցունակությունը։
Գրիգորյանը նշում է, որ ժամանակակից գիտությունը պահանջում է զգալի ռեսուրսներ, իսկ սեփական կադրային և տեխնոլոգիական ներուժի առկայությունը դառնում է նաև այլ ոլորտների զարգացման կարևոր պայման: Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի համար սեփական մասնագետների առկայությունը հատկապես կարևոր է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, տեխնոլոգիաները և հանքարդյունաբերությունը: Մասնագետների ներգրավումն արտաքինից տեխնոլոգիաների մշակման համար կարող է էականորեն մեծացնել նախագծերի արժեքը և նվազեցնել դրանց մրցունակությունը:
Ընդ որում, վերջին տարիներին երկրում ձևավորվել է ոչ միայն մարդկային, այլև տեխնոլոգիական ներուժ։ Գիտական ծրագրերի շրջանակներում ինստիտուտները ստացել են ժամանակակից սարքավորումներ, ընդ որում՝ սկզբունքներից մեկը ենթակառուցվածքի ստեղծումն էր, որից կարելի է համատեղ օգտվել։
«Սա նույնպես Կոմիտեի շատ մեծ ձեռքբերումն է. գիտական հանրությունն սկսեց ավելի շատ փոխազդել, ինստիտուտները սկսեցին համագործակցել և միմյանց տրամադրել հնարավորություն օգտվելու սարքավորումներից, որոնք չունի հարևան ինստիտուտը», — ասում է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ աստիճանաբար ձևավորվում է ընդհանուր տեխնոլոգիական բազա, որից կկարողանան օգտվել տարբեր հետազոտական կոլեկտիվներ՝ անկախ նրանից, թե որ ինստիտուտում է գտնվում կոնկրետ սարքավորումը:
Գրիգորյանը զգուշացնում է, որ արդեն ձեռք բերված սարքավորումների և ընթացիկ հետազոտությունների հետ կապված ծրագրերի կանգնեցումը կարող է խախտել այս համակարգը: Սարքավորումների շուրջ արդեն ձևավորվել են նախագծեր, այդ թվում՝ դրամաշնորհային, որոնք նախատեսում են դրանց հետագա զարգացումն ու արդիականացումը։
«Եթե այս ամենն այժմ սառեցվի, կարող է ստացվել այնպես, որ թանկարժեք և ժամանակակից սարքավորումը պարզապես դադարի օգտագործվել, քանի որ ծրագրերը կկասեցվեն», — կարծում է գիտնականը։
Որպես ևս մեկ ռիսկ նա նշում է մասնագետների հեռացումը։ Եթե գիտական ծրագրերն այլևս չապահովեն արդեն պատրաստված հետազոտողների աշխատանքը, նրանք այլ եկամտի աղբյուրներ կփնտրեն։ Ընդ որում, նշում է Գրիգորյանը, մրցունակ գիտնականները երկար չեն փնտրի նոր հնարավորություններ, քանի որ որակավորված մասնագետների նկատմամբ պահանջարկ գոյություն ունի ամբողջ աշխարհում:
«Եթե դու կրթել, զարգացրել, ընդունել ես աշխատանքի և քո գիտնականներին դարձրել ես մրցունակ, նրանք երկար աշխատանք չեն փնտրի։ Ամբողջ աշխարհը ձգտում է ունենալ ուժեղ գիտություն», — ասում է նա։






