Հայաստանը կմասնակցի 2023 թ. փետրվարի 20-24-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք IDEX 2023 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունն ու ձևաչափը՝ նախարարությունը նախատեսում է միջոցառմանը ներկայանալ հայկական ոլորտային ընկերությունների հետ միասնական տաղավարով, որում կներկայացվեն պաշտպանական և սպառազինության ոլորտներում կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումները։
Բացի պաշտպանական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ցուցահանդեսին կարող են մասնակցել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նշյալ բնագավառում:
Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 24-ն է:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը:

IDEX-ի մասին
IDEX ցուցահանդեսը տեղի է ունենում երկու տարի մեկ անգամ և անցկացվում է ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո՝ ԱՄԷ-ի զինված ուժերի լիակատար աջակցությամբ։
Ցուցահանդեսին մասնակցում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրներ։ Այն եզակի հարթակ է տարածաշրջանի կառավարական գերատեսչությունների, ձեռնարկությունների և զինված ուժերի հետ հարաբերություններ հաստատելու և ամրապնդելու համար:
IDEX-ի ժամանակ ցուցադրվում են պաշտպանական ոլորտի ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային և օդային վերջին տեխնոլոգիաները։ Ցուցահանդեսը տեղի է ունենում Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսային կենտրոնում (ADNEC), որը 133,000 քմ տարածք է զբաղեցնում։
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:






