Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին ընդունվել է առաջիկա երեք տարվա ռազմավարությունը։ Նաև տեղի են ունեցել ԱՏՁՄ խորհրդի (վարչության) և նախագահի ընտրությունները: ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվել է Ալեքսանդր Եսայանը։ Իսկ Սարգիս Կարապետյանը խորհրդի (վարչության) որոշմամբ նշանակվել է ԱՏՁՄ տնօրեն։
Համաժողովին քննարկվել են նաև տեխնոլոգիական համայնքի առաջադրած մի շարք առանցքային հարցեր, նշվել է, որ առաջին անգամ ԱՏՁՄ-ից ակնկալիքներն առաջին անգամ ավելի քան արդարացված են։ Համաժողովի պաշտոնական բացմանը ելույթ են ունեցել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Ալեքսանդր Եսայանը նշել է, որ ԱՏՁՄ-ն, ինչպես 2019-ին, ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ։ Նա նաև նշել է, որ ԱՏՁՄ թիմն էլ ոգևորված է իրականացնել դրական փոփոխությունները և համայնքն էլ ավելի ակտիվ է բոլոր նպատակներին ընդառաջ գնալու համար։
«Նախ մեզ համար շատ կարևոր է, որ ԱՏՁՄ-ի համայնքը մեծանում է։ Այս տարի մեզ է միացել 32 նոր անդամ՝ հասնելով տպավորիչ արդյունքի․ ԱՏՁՄ անդամ է արդեն 132 ընկերություն: Գրեթե 30 տոկոս նշանակալի աճը վկայում է մեր համայնքի ուժի և կենսունակության մասին: Այսօր որոշելու ենք, թե առաջիկա տարիներին ինչ ուղղությամբ է շարժվելու մեր Միությունը և որոնք են լինելու մեր առաջնահերթությունները, որպեսզի զարգացնենք մեր տեխնոլոգիական համայնքը, արդյունքում՝ մեր երկիրը։ ԱՏՁՄ թիմն էլ ոգևորված է իրականացնել դրական փոփոխություններն ու կարծում եմ՝ մեր համայնքն էլ ավելի ակտիվ է եղել այս տարի բոլոր նպատակներին ընդառաջ գնալու համար»,- ասել է Եսայանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն էլ ներկայացրել է նախորդ տարվա արդյունքները՝ ԱՏՁՄ ռազմավարական և գործառնական զեկույցը, տեղեկացրել, որ ԱՏՁՄ թիմն ակտիվ աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի, միությունների, կառավարության հետ՝ ԲՏԱ ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծի շուրջ: ԱՏՁՄ տնօրենը նշել է նաև, որ նախորդ տարին Միության համար և՛ ձեռքբերումների, և՛ կորուստների տարի էր։
«Անցանք դժվարություններով, սակայն լուծել ենք բազում խնդիրներ։ Ունենք հաջողություններ և կորուստներ: Կորցրել ենք 26 «Արմաթ» Արցախում, բայց տեղադրել ենք ևս 15-ը, վերազինել՝ 80-ը: Մեծ հաջողություններ գրանցեցինք երկու «Դիջիթեք» ցուցահանդեսով, աննախադեպ մասնակցություններով, գրանցումներով և այցելություններով»,- ասել է Սարգիս Կարապետյանը:
ԱԺ փոխնախագահն իր ողջույնի խոսքում շնորհավորել է ԱՏՁՄ-ին և հաջողություններ մաղթեց առաջիկա գործունեության ընթացքում: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացած է, և մեր երկրում գործող բազմաթիվ ընկերություններ ընդլայնել են իրենց մասնաճյուղերը, իսկ նոր ընկերությունները՝ նախընտրել Հայաստանում հիմնել նոր մասնաճյուղեր: Արշակյանն անդրադարձել է նաև ապագայում իրականացվելիք ծրագրերին, նշել, որ պետք է ուժերը կենտրոնացնել ապագայի ռազմավարական տեսլականը հստակեցնելու համար: Նա նաև հիշեցրել է վարչապետին կից գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծման կարևորությունը։
«Այս տարի նախատեսում ենք ունենալ ռազմավարական առաջնահերթությունների հստակեցում, և ես կուզեմ կոչ անել ասոցիացիաներին, ընկերություններին համախմբվել և մեր առաջնահերթություններն այս փուլում ճշգրիտ ներկայացնել թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրությանը»,- նշել է նա։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ ասել է, որ գիտության և տեխնոլոգիաների ներուժի համակողմանի ներգրավմամբ և համադրմամբ հնարավոր է հասնել նպատակներին: Նա նկատել է, որ Հայաստանն արդեն ապացուցել է, որ ունի աշխարհի մակարդակով կարևորագույն տեղ զբաղեցնող ընկերություններ, սակայն սա դեռ կարևոր ճանապարհի սկզիզն է և դեռ շատ անելիքներ կան։
«Կան և՛ Հայաստանի, և՛ դրա սահմաններից դուրս ընկերություններ և կազմակերպություններ, որոնք մեծ ներդրում են ունեցել և այդ ընկերությունների թվին է դասվում ԱՏՁՄ-ն և արժանի է գնահատանքի: Կարևորում եմ այդ աշխատանքը, որն անում է ԱՏՁՄ-ն: ԲՏԱ նախարարության անունից ուզում եմ ասել, որ դուք մեր կարևորագույն գործընկերներից և հենարաններից մեկն եք, մենք ևս հավակնում ենք նրան, որ լինենք ձեր հենարանը»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ պաշտոնական բացմանը նշել է, որ վերջին տարիներին 2023-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.4%-ի աճում մեծապես նպաստել է նաև երկրում ՏՏ ոլորտի արագ զարգացումը։ «Մենք այժմ գտնվում ենք նոր տեխնոլոգիական դարաշրջանի սկզբին։ Արհեստական բանականությունը, որը մեծ թափով թափանցում է մեր կյանք, լինելու է աշխատանքի արտադրողականության բարձրացման զգալի գործոն, որը բերելու է էական փոփոխությունների, այդ թվում՝ տնտեսության և տեխնոլոգիական ոլորտներում»,- նշել է Վահան Քերոբյանը։
Հաջորդած քվեարկության ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ խորհրդի (վարչության) անդամ են ընտրվել Արտավազդ Մինասյանը (Krisp), Արմեն Քոչարյանը (VOLO), Իրինա Դումանյանը (Siemens Industry), Գևորգ Սաֆարյանը (LimeTech), Արման Աթոյանը (iX-Tech), Խաչատուր Նազարյանը (VMWare), Սոնա Մամյանը (Mamble), Արսեն Բաղդասարյանը (DataArt.AM)-ը, Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures), Գոռ Վարդանյանը (FimeTech)։ Խորհրդի (վարչության) վերստուգող են ընտրվել Դավիթ Գրիգորյանը (Devsoft.AM), Աշոտ Ալիխանյանը (Anania Shirakatsy Lyceum) և Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile I Zealous)։
Նախագահի պաշտոնում վերընտրված Ալեքսանդր Եսայանն ամփոփել է համաժողովը՝ շնորհավորելով նորընտիր խորհրդին (վարչությանը)։ «Ես նման ակտիվություն չեմ հիշում ԱՏՁՄ-ում, որովհետև մեր Միությունը մի կարևոր առանձնահատկություն ունի․ եթե դասական սցենարով դիտարկենք, ապա ասոցիացիաներն ու միությունները պետք է զբաղվեն իրենց ոլորտի լոբբինգով, սակայն մեր երկրի խնդիրներն այնպիսինն են, որ մենք մեր ընկերությունների խնդիրները թողել ենք մի կողմ, կարծում եմ մեր առաձնահատկությունն էլ հենց դա է։ Կեղծ օրակարգերի շուրջ ոչ ոք չի համախմբվում, իսկ մեր ընկերությունները հաճախ իրենց ընկերությունների անձնական շահերը դնում են մի կողմ, որպեսզի համընդհանուր շահին ծառայեն։ Հենց դրա համար էլ կարծում եմ մենք տարեցտարի համախմբվում ենք»,- եզրափակել է ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը։






