ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է եղել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 23-րդ տարեկան համաժողովին: ԱԺ փոխնախագահը խոսել է ՏՏ ոլորտի միտումների մասին, նշել, որ այս տարի նախատեսում հստակեցնել ռազմավարական առաջնահերթությունները։

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նախորդ երկու տարիներին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի կտրուկ աճի տեմպերին, խոսել այն կարևոր հանգամանքների մասին, որոնցով պայմանավորված էլ բնագավառի հազարավոր ինժեներներ և հարյուրավոր ընկերություններ նախընտրել են գալ Հայաստան:

«Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ դա 2018-ին տեղի ունեցած հեղափոխության անմիջական արդյունքն է: Պետության մեջ կոռուպցիայի ընկալման համաթիվը, կոռուպցիայի աստիճանը, տնտեսության ակտիվությունն ու ավելի ազատականացումը և մարդկանց համար ստեղծված նոր իրավիճակը հանգեցրել են այն իրողությանը, որ ավելի շատ ընկերություններ են նախընտրում գործունեություն ծավալել և ներդրումներ կատարել Հայաստանում»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Hakob Arshakyan 2.jpg (278 KB)

Որպես երկրորդ կարևոր հանգամանք՝ նա ընդգծել է Հայաստանում գոյություն ունեցող և զարգացած ԲՏԱ ոլորտը. մեր երկրում գործող բազմաթիվ ընկերություններ ընդլայնել են իրենց մասնաճյուղերը, իսկ նոր ընկերությունները նախընտրել են Հայաստանում հիմնել նոր մասնաճյուղեր: Երրորդ հանգամանքը, ըստ ԱԺ փոխխոսնակի, հյուրընկալելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու հայ ժողովրդի, հասարակության ունակությունն ու պատրաստակամությունն է:

Անդրադառնալով ապագայում իրականացվելիք ծրագրերին՝ Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ այս փուլում ուժերը պետք է կենտրոնացնել ապագայի ռազմավարական տեսլականը հստակեցնելու ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը բնագավառի զարգացման առումով բարձր է գնահատել նախորդ տարի Վարչապետին կից գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծումը: Նա գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ մեր երկրում կայացած են ասոցիացիաները և կարողանում են բիզնեսի շահերը ճշգրիտ ու ամբողջական ներկայացնել իշխանություններին, ոլորտի շահառուներին:

ԱՏՁՄ համաժողով.jpg (327 KB)

«Այս տարի մենք նախատեսում ենք ունենալ ռազմավարական առաջնահերթությունների հստակեցում, և ես կուզենամ կոչ անել ասոցիացիաներին, ընկերություններին՝ համախմբվել և մեր առաջնահերթություններն այս փուլում ճշգրիտ ներկայացնել թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրությանը»,- եզրափակել է խոսքը Հակոբ Արշակյանը:

Համաժողովում բացման խոսքով ելույթներ են ունեցել և ոլորտի խնդիրներին ու ձեռքբերումներին, աջակցության ծրագրերին են անդրադարձել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Hakob Arshakyan 3.jpg (258 KB)

Համաժողովին մասնակցել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններ, կրթական հաստատությունների և գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: