Պատահական վայրերում հանդիպած QR կոդերը սկանավորելուց ցանկալի է խուսափել, նաև խորհուրդ չի տրվում QR կոդերը սկանավորող ներբեռնել հավելվածներ, քանի որ երկու դեպքում էլ կարող են անվտանգային խնդիրներ առաջանալ։
Ըստ «Роскачества» թվային փորձաքննության կենտրոնի ղեկավար Սերգեյ Բոդրովի՝ փողոցում տեղադրված պատահական QR կոդերը սկանավորելիս օգտատերը դրանով կարող է ակտիվացնել վիրուսային ծրագրերի ֆոնային ներբեռնումը սմարթֆոն, ինչպես նաև գործարկել այլ վնասակար գործողություններ:
«QR կոդերը կարող են օգտագործվել ծրագրակազմ տեղադրելու, գտնվելու վայրերը բացահայտելու և նույնիսկ օրացույցում իրադարձություններ ստեղծելու համար, որտեղ կտեղադրվի սոցիալական ինժեներիայի բովանդակություն՝ խրախուսելու զոհերին քայլեր ձեռնարկել (օրինակ՝ սեղմել հղման վրա): Ահա թե ինչու յուրաքանչյուր անկյունում պարզապես հետաքրքրությունից դրդված կպչուն պիտակներ սկանավորելը պոտենցիալ վտանգավոր գաղափար է»,- ասել է Բոդրովը:
Ըստ փորձագետի՝ պատահական QR կոդերի հիմնական վտանգն այն է, որ դրանց բովանդակությունն անհնար է իմանալ առանց սկանավորման միջոցով ստուգելու։ Ուստի անվտանգությունից ելնելով անհրաժեշտ է վերլուծել անուղղակի նշանները։
«Եթե խանութի դրամարկղի մոտ եք կամ ցուցահանդեսում եք և ապրանքի կամ ցուցանմուշի կողքին տեսնում եք փոքրիկ սև քառակուսի, այս դեպքում ամեն ինչ պարզ է: Սակայն եթե QR կոդը տեղադրված է հասարակական վայրում պատի վրա կամ թաքնված է փողոցի մեկուսի անկյունում, ավելի լավ է ռիսկի չդիմել և տեսախցիկը հեռախոսի չուղղել սկանավորման համար»,- բացատրել է Բոդրովը:
Նաև, ըստ նրա, խստիվ խորհուրդ չի տրվում սմարթֆոններում ներբեռնել QR կոդերը սկանավորելու երրորդ կողմի հավելվածներ, քանի որ հաճախ հենց այդ հավելվածներ են վնասակար գործառույթներ պարունակում։ Ժամանակակից սմարթֆոնների մեծ մասն ունի ներկառուցված այսպիսի սկաներ, և հեռախոսի տեսախցիկները կարող են սկանավորել ինչպես շտրիխ, այնպես էլ QR կոդերը:






