Առցանց առևտրի ռուսական Wildberries հարթակն արդեն գործարկել է պատվերի չեղարկման գործառույթը։ Հարթակում հայտնվել է կոճակ, որը թույլ է տալիս չեղարկել առաքումը, բայց միայն պատվերը տեղադրելուց հետո մեկ ժամվա ընթացքում կամ մինչև դրա հավաքման մեկնարկը: Wildberries-ն այս ֆունկցիայի փորձարկման մասին հայտարարել էր անցյալ տարվա դեկտեմբերի վերջին։

Ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հունվարի 15-ից գործում է համապատասխան կոճակով պատվերի չեղարկման գործառույթը։ Կայքում և բջջային հավելվածում կոճակը հայտնվում է «Առաքում» բաժնում՝ պատվերը կատարելուց հետո:

Առաջին փուլում այս գործառույթը հասանելի է այն օգտատերերին, որոնք ապրանքներ են գնում հետվճարային հիմունքով, իսկ ապագայում կոճակի միջոցով պատվերը չեղարկելու հնարավորությունը հասանելի կդառնա բոլոր հաճախորդների համար։ Բացի այդ, սկզբում նոր տարբերակը հասանելի կլինի միայն այն վաճառողների ապրանքների համար, որոնք ապրանքները պահում են իրենց սեփական պահեստներում։

Ըստ Wildberries-ի՝ չեղարկման գործառույթը կօգնի նվազեցնել պատահական պատվերների քանակը. եթե հաճախորդը սխալ հասցե է ընտրել, պատահաբար է պատվիրել կամ սխալվել է ապրանքների քանակի հարցում: Նոր գործառույթն օգտակար կլինի նաև Wildberries-ի վաճառողների համար, քանի որ դրա շնորհիվ նրանք կկարողանան նվազեցնել լոգիստիկ ծախսերը. նրանք այլևս ստիպված չեն լինի ապրանքներ տեղափոխել, եթե պատվերը սխալ է: