Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC), որպես Համաշխարհային ձեռներեցության ցանցի (GEN) պաշտոնական ներկայացուցիչ, համախմբել է էկոհամակարգի ներկայացուցիչներին՝ Հայաստանում Ձեռներեցության համաշխարհային շաբաթը տոնելու նպատակով։
Ձեռներեցության համաշխարհային շաբաթը (GEW) միջոցառումների շարք է, որն իրականացվում է ամեն տարի նոյեմբերին, միաժամանակ 200 երկրում։ Շուրջ 10 միլիոն մարդ մասնակից է դառնում տասնյակ հազարավոր միջոցառումների, որոնք օգնում են նրանց` իրենց առաջին քայլը կատարել այս ոլորտում կամ կատարելագործվել։
ՀԱՀ Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնի՝ Ձեռներեցության համաշխարհային շաբաթը Հայաստանում նշելու համագործակցության կոչին արձագանքել է հայկական էկոհամակարգի շուրջ 20 կազմակերպություն։ Համազգային արշավի նպատակն է խթանել Հայաստանում ձեռներեցական գործունեությունը, ոգեշնչել հայ գործող և ապագա ձեռներեցներին, ապահովել նրանց գիտելիքով, փորձով և մասնագիտական կապերով, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար։
GEW Armenia 2023-ն անցկացվելու է նոյեմբերի 13-19-ը։ Ծրագիրն ընդգրկելու է տարբեր բնույթի շուրջ 27 միջոցառում՝ ելույթներ, պանելային քննարկումներ, կոնֆերանսներ, մրցույթներ և ցուցադրություններ, որոնք իրականացվելու են Երևանում, Գյումրիում, Գորիսում և մի շարք այլ համայնքներում։
Ձեռնարեցության շաբաթվա յուրաքանչյուր օրը կրում է իր նշանաբանը, որն այս կամ այն կերպ սերտորեն կապված է ձեռներեցության ոլորտի հետ։ Միջոցառումների ընթացքում արծարծվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ձեռներեցության դերը հասարակության մեջ և սոցիալական ձեռներեցության պատմությունը Հայաստանում, ձեռներեցական կրթության և ձեռներեցության ազգային քաղաքականության կարևորությունը, նորարարությունների և ձեռներեցության հատման գծերը և այլ։ Ծրագրի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) ստարտափ ինկուբացիոն ծրագիր է, որն օգնում է բացահայտել նոր բիզնես գաղափարներ ունեցող ուսանողներին՝ տրամադրելով նրանց բազմակողմանի աջակցություն իրենց ստարտափները հիմնելու և դրանք զարգացնելու համար:






