Huawei Technologies-ը վերջին ամիսներին լուրջ դժվարություններ է ունեցել. 2022 թ․ երեք եռամսյակների ընթացքում ընկերության զուտ շահույթը 2021 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 40%-ով (մինչև 3,8 մլրդ դոլար): Չնայած դրան, ընկերությունը կարող է ամբողջությամբ դուրս գալ ռուսական շուկայից, որը նրան ապահովում էր առկա շահույթի մի մասը։
Huawei-ը և ԱՄՆ պատժամիջոցները
Ինչպես նշում է Bloomberg-ը, ընկերության ֆինանսական խնդիրների հիմնական պատճառներից մեկը եղել է ԱՄՆ պատժամիջոցները, որոնք ուժի մեջ են մտել 2019 թ. և արգելում են ընկերությանը վաճառել բաղադրիչներ, այդ թվում՝ միկրոչիպեր: Այս արգելքների պատճառով Huawei-ը չի կարող պրոցեսորներ թողարկել Թայվանի TSMC-ի օբյեկտներում և բախվել է մի շարք խնդիրների։
Ընկերությունը շարունակում է սմարթֆոնների արտադրությունը, բայց արդեն Honor ապրանքանիշի ներքո, որը բաժանվել է եւ հանդես է գալիս որպես առանձին ընկերություն: Բացի դրանից, Qualcomm-ը չիպսեթներ մատակարարելու թույլտվություն է ստացել, ինչը նույնպես կարևոր դեր է խաղացել։
Ըստ լուրերի՝ ընկերությունը նախատեսում է շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները՝ վերագործարկելով 5G սմարթֆոնների շարքը և փոփոխություններ մտցնել դրանցում՝ հրաժարվելով նոր չիպերից, որոնց վաճառքի վրա արգելք է դրված, և դրանք փոխարինել այլ, օրինակ՝ չինական արտադրության չիպերով:
Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, Huawei-ը բավականին ակտիվ է կապի ցանցերի սարքավորումների և ավտոմոբիլային արդյունաբերության նոր նախագծերի արտադրության մեջ։ Ղեկավարության կարծիքով՝ արժեքավոր մարդիկ մնում են ընկերությունում, ավելին, ընկերությունը ներդրումներ է անում իր արտադրանքի մրցունակության բարձրացման համար, ինչը օգնեց երրորդ եռամսյակում ընկերության եկամուտն ավելացնել 6%-ով:
Huawei-ը եւ Ռուսաստանը
Huawei-ն ամբողջությամբ դադարեցրել է սմարթֆոնների, պլանշետների, հեռուստացույցների և այլ սարքավորումների ուղղակի մատակարարումները Ռուսաստան և կարող է վերջնականապես լքել ռուսական շուկան։ Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ռուսական շուկայից հավանական հեռանալու մասին է վկայում նաև Huawei-ի՝ Մոսկվայի «Крылатские холмы» բիզնես կենտրոնում գտնվող գրասենյակը 2023-ի փետրվարի 1-ից վարձով տալու հայտարարությունը։
Բացի դրանից, ինչպես նշել է Telecom Daily-ի գլխավոր տնօրեն Դենիս Կուսկովը, Huawei-ն իր աշխատակիցներին տեղափոխել է Ղազախստան և Ուզբեկստան, և նրանք մոտ ապագայում դժվար թե վերադառնան Ռուսաստան։ Ընկերությունը ներկայումս նոր աշխատակիցներ չի փնտրում Ռուսաստանում, և դա եւս կարող է վկայել երկրից հեռանալու նրա պլանների մասին:
Ըստ տարբեր գնահատականների՝ Huawei ենթակառուցվածքն այսօր զբաղեցնում է ռուսական շուկայի 30-40%-ը։ Միևնույն ժամանակ, ռուսական շուկայի ծավալը շատ ավելի մեծ է, քան եվրոպական շատ երկրների շուկայի ծավալը, բայց ընդհանուր առմամբ եվրոպական շուկայում վաճառքները գրեթե երկու անգամ ավելի են, քան ռուսականում։ Հնարավոր է՝ ռուսական շուկայից դուրս գալու որոշումը թելադրված էր եվրոպական շուկանը չկորցնելու ցանկությամբ։
Եթե Huawei-ն իսկապես հեռանա Ռուսաստանից, ընկերության արտադրանքը դեռ հնարավոր կլինի ներմուծել ՌԴ՝ զուգահեռ ներմուծման, մի շարք «գորշ» սխեմաների, ինչպես նաև դիստրիբյուտորների միջոցով, որոնք սարքավորումներ կգնեն Չինաստանում միջնորդներից, այլ ոչ թե անմիջապես արտադրողից։
Հիշեցնենք, որ սմարթֆոնների Inoi ապրանքանիշը վերջերս լքել է ռուսական շուկան։ Նախկինում ապրանքանիշը համարվում էր ռուսական, իսկ այժմ այն դարձել է էստոնական։ Ընկերության պաշտոնական կայքից անհետացել են Ռուսաստանի և Բելառուսի դրոշները, իսկ սմարթֆոնների պաշտոնական դիստրիբյուտոր VVP Group-ը հեռացրել է Ռուսաստանում ներկայացուցչության մասին տեղեկությունը և նշել Ղազախստանի և Ուզբեկստանի գրասենյակների կոնտակտները։






