«Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները, ըստ որոնց՝ հաղթողները չորսն են։

Օլիմպիադայում մրցել էին 270 մասնակից 14  երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Իրան, Հայաստան, Հորդանան, Չիլի, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ուկրաինա:

Օլիմպիադան ինչպես միշտ, իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է 14 մասնակից երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որը ներառել է համապարփակ լուծումներ պահանջող ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, անցկացվել է հոկտեմբերի 19-ին Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության Ուսումնական դեպարտամենտում:

Առաջին փուլին մասնակցած 270 մասնակիցներից 28-ն անցել են եզրափակիչ փուլ, որոնցից 12-ը Երևանից են։ Եզրափակիչ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 14 մասնակից հետևյալ 12 երկրներից. ԱՄԷ, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Իրան, Հայաստան, Հորդանան, Չիլի, Պերու, Ռուսաստան, Սերբիա և Վիետնամ:

Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ առաջին տեղի մրցանակը հանձնել է ՀՀ ԲՏԱ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Երկրորդ տեղի մրցանակը հանձնել է օլիմպիադայի գլխավոր հովանավոր «Դիջիթեյն» ընկերության փոխտնօրեն Մարտին Մարտիրոսյանը։

Երրորդ տեղի երկու մրցանակները հանձնել են Օլիմպիադայի Կազմկոմիտեի Նախագահ, ՏՀՏ Գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը և «Սինոփսիս Արմենիա»- նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական Երվանդ Զորյանը։

Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներն են․

  • Առաջին մրցանակակիր է դարձել Նիկոլա Բաբիկը` Բոսնիա և Հերցեգովինայից,
  • Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպ Ստեվանովիչը` Սերբիայից,
  • Երրորդ մրցանակին արժանացել են՝
    - Ազրա Ելեզովիչը` Բոսնիա և Հերցեգովինայից,
    - Էդգար Պապյանը` Հայաստանից։

Group photo_18th Olympiad_VIG8729f.jpg (230 KB)

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006-ին և անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Ուշագրավ է, որ այն կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա»-ն, իսկ գլխավոր հովանավորը՝ «Դիջիթեյն» ընկերությունը: Գլխավոր գործընկերն է «Յունիքոմփ» ընկերությունը: Գլխավոր աջակիցը՝ Ucom ընկերությունը։  Օլիմպիադայի աջակիցներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

«Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած իր առաջատարության և գերազանցության ավանդույթները,- ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը,- Այս օլիմպիադան ուրույն ձևով նպաստում է Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի, ճանաչելիության բարձրացմանը»։

«Ոգևորիչ է տեսնել, որ օլիմպիադան շարունակում է ծառայել իր հիմնական նպատակին և հաստատակամորեն մեծացնում միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը ողջ աշխարհի երիտասարդության շրջանում,- ասել է Օլիմպիադայի Ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆ. Վազգեն Մելիքյանը: 

««Սինոփսիս Արմենիա»-ի կողմից հիմնադրված այս օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին: Միևնույն ժամանակ այն օգնում է բացահայտելու մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ տվյալ երկրի միկրոէլեկտրոնիկայի ոլորտի կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով»,-  ասել է «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական Դր․ Երվանդ Զորյանը և հավելել․«Մենք պետք է վստահ լինենք, որ Հայաստանում մեր ոլորտում ապահովում ենք մրցունակ և համաշխարհային պահանջներին բավարարող կրթության որակ»։

3rd place Winner_Էդգար Պապյան_Հայաստանից_VIG8654f.jpg (117 KB)

«Կրթությունը մշտապես գտնվում է «Դիջիթեյն» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կիզակետում, այդ իսկ պատճառով մենք հպարտորեն հանդիսանում ենք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայի գլխավոր գործընկերը։ Ընկերությունը մեծապես կարևորում է երիտասարդների շրջանում հենց համանման ծրագրերին աջակցելը, քանի որ քաջ գիտակցում ենք, որ երիտասարդությունը և կրթությունը մերօրյա աշխարհի շարժիչն են, հետևաբար, անհարժեշտ է անել ամեն հնարավորը նրանց կրթության ու զարգացման համար»,- ասել է «Դիջիթեյն» ընկերության հիմնադիր Վարդգես Վարդանյանը:

«Օլիմպիադայի հիմնական նպատակներից մեկը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորումն է։ Այս տարիների ընթացքում օլիմպիադային մասնակցել են հարյուրավոր բացառիկ երիտասարդներ աշխարհի ավելի քան 25 երկրներից, որոնք հանդիսանում են վաղվա առաջատար տեխնոլոգիաների կերտողները»,- ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները՝

  • թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա,
  • ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում: