Steamforged Games-ը Bandai Namco հրատարակչի հետ միասին հայտարարել է Elden Ring-ի մոտիվներով սեղանի խաղ ստեղծելու մասին:

Խաղի մասին առայժմ հայտնի է միայն այն, որ մարտական համակարգը կիրականացվի առանց զառ գցելու (ի տարբերություն սեղանի այլ հայտնի խաղերի, ինչպիսիք են D&D-ը, Pathfinder-ը եւ այլն): Ըստ մշակողների, խաղացողները պետք է ռազմավարություն մշակեն եւ հարմարեցնեն/փոխեն իրենց պլանները յուրաքանչյուր մարտի ժամանակ: Թե կոնկրետ ինչպես դա կիրականացվի, առայժմ դժվար է ասել, բայց ակնկալիքներն առնվազն խոստումնալից են։

Հայտնի է նաեւ, որ խաղը նախատեսված է չորս հոգու համար, բայց խաղալ կարելի է նաեւ մենակ։ Սեղանի նոր խաղի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, եթե չհաշվենք շեֆերից մեկի՝ Մարգիթի ֆիգուրները, որոնք նույնպես համացանցում են հայտնվել։

Steamforged Games-ի համահիմնադիր եւ ստեղծագործական տնօրեն Մեթ Հարթի խոսքով՝ իր թիմի համար մեծ պատիվ է աշխատել այս նախագծի վրա։

«Մեր առաքելությունը միշտ եղել է սեղանի խաղերի համար իրական հարմարեցումներ ստեղծելը, որոնք արտացոլում են էությունը նրա, ինչ երկրպագուները գիտեն եւ սիրում են օրիգինալ խաղում: Երկրպագուներին սպասում է մութ, գաղտնիքների եւ մտավախությունների առատորեն իրականացված սեղանի աշխարհ՝ գոհացուցիչ մարտերով եւ հետաքրքիր ուսումնասիրություններով: Պատրաստվեք ժամեր հատկացնել այս խաղին եւ վայելել այն», - ասել է նա:

Մշակողները նախատեսում են մոտ ապագայում դրամահավաք սկսել Kickstater-ում։

Նշենք, որ ավելի վաղ նույն Steamforged Games-ը թողարկել է նմանատիպ խաղ՝ Dark Souls-ի մոտիվներով, ընդ որում՝ այն մեծ հաջողություն է ունեցել՝ Dark Souls: The Board Game-ի համար դրամահավաքը գերազանցել է 3,7 միլիոն ֆունտ սթերլինգը:

Հիշեցնենք, որ Elden Ring-ը թողարկվել է 2022-ի փետրվարին։ Խաղը հասանելի է բոլոր արդիական հարթակներում, բացի Nintendo Switch-ից, Xbox One-ից, PlayStation 4-ից, Xbox Series X|S-ից եւ PlayStation 5-ից: Մինչ օրս վաճառվել է ավելի քան 16,6 միլիոն օրինակ: