Android 14-ը կունենա արբանյակային կապի հնարավորություն, որը կաշխատի Google Messages հաղորդագրությունների հավելվածի միջոցով: Այս մասին հայտնում է SamMobile կայքը՝ ծրագրավորող Նիլ Ռահմունիին հղումով։

Վերջինս ուսումնասիրել է Android-ի բետա կոդը և պարզել, որ նորամուծությունը օգտատերերին թույլ կտա բջջային ծածկույթի բացակայության դեպքում տեքստային հաղորդագրություններ փոխանակել Garmin արբանյակային համակարգի միջոցով: Դրա համար կօգտագործվի ներկառուցված Google Messages հավելվածը:

Garmin ընկերությունն իր հերթին աշխատում է Iridium-ի հետ, որն սպասարկում է արբանյակների ցանցը Երկրի ցածր ուղեծրում։ Եթե ​​այս տեղեկությունը հաստատվի, ապա արբանյակային կապի հնարավորությունը հասանելի կլինի աշխարհի ավելի քան 150 երկրում Android 14-ի և այս նորամուծության հետ համատեղելի սարքերի պաշտոնական թողարկումից հետո։ Ծառայության գնի մասին դեռևս չի հաղորդվում։

Ավելի վաղ Apple ընկերությունն էր նման գործառույթ ներդրել iPhone 14-ում, սակայն այն աշխատում է միայն աշխարհի 14 երկրում։

Թեև սպասվում էր, որ Samsung-ը կներկայացնի նմանատիպ գործառույթ Galaxy S23-ի հետ, դա տեղի չունեցավ․ ընկերությունը հայտարարել էր, որ դրա համար անհրաժեշտ էկոհամակարգը դեռ պատրաստ չէ: Այժմ լուրեր են պտտվում, որ գործառույթը կհայտնվի Galaxy S24-ի հետ հաջորդ տարվա սկզբին: