Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ն 2024 թվականին կհյուրընկալվի մայրաքաղաք Երևանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Հիշեցնեմ, որ համաշխարհային այս մեծ իրադարձությունը Երևանը հյուրընկալել էր նաև 2019 թվականին»,- գրել է նա:

Նորարարարությունների և ինովացիայի համաշխարհային կոնգրեսը՝ World Congress on Innovation and Technology (WCIT) ամենամյա տեխնոլոգիական միջոցառում է, որն առաջին անգամ անցկացվել է 1978 թվականին՝ Իսպանիայում։ Այն կազմակերպվում է Նորարարության, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային միության կողմից։

«WCIT 2019»-ին մասնակցելու և բանախոսությամբ հանդես գալու համար հոկտեմբերի 6-9-ը Հայաստան էին ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանը, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը և մյուսները:

NEWS.am-ը հանդիսանում էր «WCIT 2019»–ի պաշտոնական առցանց մեդիա գործընկերը: