Մեկնարկել է արդեն ավանդույթ դարձած Բյուրականյան գիտաճամբարը։ Այն թվով 9-րդն է և նախագծված է այնպես, որ երեխաները համատեղեն հաճելի ժամանցն օգտակարի հետ, տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունը։

Գիտաճամբարի մասնակիցները ՀՀ տարբեր մարզերի աստղագիտության փոքրիկ սիրահարներ են։ Ինչպես ամեն տարի, ճամբարին հատուկ ընդգրկված են նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից անցկացված մրցույթի հաղթողները (այս անգամ Սիսիանից) և Բյուրական գյուղի երեխաները։

Երեխաները հասցրել են ոչ միայն ծանոթանալ միմյանց հետ, այլ նաև շրջել աստղադիտարանի տարածքում, այցելել Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և ԲԱ ամենամեծ՝ 2.6մ հայելու տրամագծով աստղադիտակ: Իսկ ԲԱ պատմությունն ու գործունեությունը երեխաներին ներկայացրել է ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը։ Գիտաճամբարը դեռ նոր է սկսվել, աստղադիտարանում երեխաներին դեռ շատ բացահայտումներ են սպասվում:

Գիտաճամբարի կազմակերպիչներն են Բյուրականի աստղադիտարանը, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի Աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը և Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ)։ Գիտաճամբարը մասնակիորեն ֆինանսավորվում է ՀՕՖ-ի կողմից:

Բյուրականյան 9-րդ գիտաճամբարը   -1.jpg (510 KB)

Բյուրականյան 9-րդ գիտաճամբարը  .jpg (381 KB)