Հայաստանում մեկնարկել է «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական նոր կրթական ծրագիր։ Այն կպատրաստի մասնագետներ, որոնք պատրաստ կլինեն ժամանակակից մարտահրավերներին, կունենան տեսական և գործնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանում ավիատիեզերական արդյունաբերության զարգացման առաջատար դառնալու և համաշխարհային շուկայում Հայաստանը որպես ինժեներական կենտրոն դիրքավորելու համար:
Նոր ծրագիրը մեկնարկել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Ծրագիրը մշակվել և իրականացվել է մասնավոր գործընկերների մասնակցությամբ և աջակցությամբ։
Դասընթացը կտևի երկու տարի և կանցկացվի ստացիոնար ձևաչափով։ Ծրագրի շրջանակում մասնագիտական դասընթացներ, լաբորատոր և հետազոտական աշխատանքներ կանցկացվեն Ինժեներական քաղաքում։
Այս ծրագրի շրջանակում կրթությունը վճարովի է՝ տարեկան 600,000 դրամ (մոտ 1500 դոլար), սակայն լավագույն ուսանողները կարող են կրթաթոշակ ստանալ։
Ծրագրի լիցենզիան նախատեսում է 20 տեղ, բայց եթե դիմորդներն ավելի շատ լինեն, ծրագրի հեղինակները կարող են ընդլայնել այն և ավելացնել նոր տեղեր։
Հայտերը, այդ թվում՝ առցանց, կարելի է ներկայացնել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն։ «Ավիատիեզերական սարքաշինություն» ծրագրին մասնակցելու համար դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 19-ն է։ Քննությունների նախապատրաստական թեստը ևս տեղադրված է Կենտրոնի կայքում։
Ընդունելության քննությունները կանցկացվեն բանավոր՝ օգոստոսի 20-ից 25-ը։ Դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ից։ Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից և Ինժեներական ասոցիացիայից:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ծրագրի կարևորագույն կողմերից մեկն այն է, որ հիմնարար հետազոտության արդյունքները կփոխադրվեն կիրառական հարթություն՝ կոնկրետ արդյունքներ ստանալու համար։
Նրա խոսքով՝ Ինժեներական քաղաքը լուրջ ուշադրություն է դարձնում սարքաշինությանը, և առանց համապատասխան կադրերի պատրաստման անհնար կլինի նոր, բարդ մարտահրավերների դիմակայել:
Ինչպես նշեց Ենգիբարյանը, լավ է, որ Հայաստանից ընկերությունները պատվերներ են ստանում դրսից. սա, նրա կարծիքով, վկայում է այն մասին, որ մենք ունենք ոչ միայն հարուստ անցյալ, այլև խոստումնալից ներկա և ապագա։
Նա հույս հայտնեց, որ ապագայում կարող են ներդրվել նաև ասպիրանտական ծրագրեր, ինչը թույլ կտա միանգամայն նոր մակարդակի բարձրացնել համագործակցությունը մասնավոր հատվածի հետ, որի արտադրանքն ուղղված է դեպի արտաքին շուկա, կբարելավի կրթության և վերապատրաստման մակարդակը և կլուծի ավելի բարդ խնդիրներ։
Ենգիբարյանի խոսքով՝ ավիատիեզերական սարքաշինությունը գտնվում է տարբեր ոլորտների խաչմերուկում և կապված է մոդելավորման, ծրագրավորման, ֆիզիկայի և այլ ոլորտների հետ։
Աշխարհում ընդամենը 10 երկիր կա, որոնք կարող են իրենց առաջատար համարել այս ոլորտում, սակայն Հայաստանում առկա ավանդույթներն ու մասնագետները կարող են թույլ տալ նրան ևս դառնալ այս ակումբի անդամ։ Դրա համար, ըստ Ենգիբարյանի, կարևոր է աշխատել ենթակառուցվածքների զարգացման վրա։






