Առցանց առևտրի միջազգային հայտնի հարթակ Wildberries ցանկանում է ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում. ընկերությունը նախատեսում է խորացնել համագործակցությունը ինչպես պետական կառույցների, այնպես էլ «Հայփոստ»-ի հետ, ներթափանցել երկրի հեռավոր բնակավայրեր, ինչպես նաև երկրում բացել լոգիստիկ կենտրոն, որը կստեղծի բազմաթիվ նոր հնարավորություններ հայ գնորդների և տեղական բիզնեսի համար: Այս մասին հայ լրագրողներին հետ զրույցում ասաց Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը։
Ուտել հայկական ծիրան և համագործակցություն հաստատել
«Վերջապես հայկական ծիրան ուտել»,- կատակեց Տատյանա Բակալչուկը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ նպատակով է այցելել Հայաստան։ Նա հավելեց, որ ծիրանը, իհարկե, հաճելի բոնուս էր։ Այցի հիմնական նպատակն է ավելի լավ ծանոթանալ Հայաստանում տիրող իրավիճակին, հաստատել համագործակցություն, հասկանալ, թե ինչ խնդիրներ կան և ինչպես կարելի է դրանք լուծել, ինչպես նաև որոշել հետագա զարգացման վեկտորները։
Գործարար հանդիպումների շրջանակում Տատյանա Բակալչուկը ՀՀ ղեկավարության հետ քննարկել է ընկերության ներդրումային նախագծերի իրականացման ծրագրերը, առցանց առևտրի ոլորտում Հայաստանի մաքսային համակարգերի և օրենսդրության ներդաշնակեցման, ինչպես նաև երկրի ձեռնարկատերեր հետ համագործակցությանն առնչվող հարցեր։
Պաշտոնական այցի ընթացքում ընկերության հիմնադրի հետ Հայաստան ժամանած Wildberries-ի ներկայացուցիչները կազմակերպել են դասընթաց սկսնակ ձեռներեցների համար և կլոր սեղան-քննարկում ընկերության գործող գործընկերների համար, որոնք իրենց արտադրանքը վաճառում են հարթակում։ Այս միջոցառումներին մասնակցել է տեղական բիզնեսի ավելի քան 150 ներկայացուց։
Լոգիստիկ կենտրոն Հայաստանում և ներթափանցում բոլոր բնակավայրեր
Պատասխանելով NEWS.am Tech-ի հարցին՝ Բակալչուկը նշեց, որ Wildberries-ը ներկայումս լավ աճ ունի Հայաստանում, սակայն ընկերությունն իսկապես նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը երկրում։
Թեև այսօր Հայաստանում պատվերների տրամադրման կետերը բավականին շատ են, սակայն դրանց մեծ մասը գտնվում է Երևանում և մոտակա խոշոր քաղաքներում։ Ընկերությունը, սակայն, նախատեսում է ներթափանցել ավելի հեռավոր բնակավայրեր, որպեսզի գնորդները կարողանան օգտվել ընկերության ծառայություններից այնտեղ, իսկ ձեռնարկատերերը կարողանան մուտք գործել հարթակ և առևտուր անել դրա միջոցով։ Այս հարցում մեծ դեր կարող է ունենալ «Հայփոստ»-ը, որի հետ ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում և ծրագրում նոր նախագծեր, որոնց մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։ Այս հարցերը Բակալչուկը քննարկել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ընկերությունը ցանկանում է նաև լոգիստիկ կենտրոն բացել Հայաստանում, որը թույլ կտա բարելավել առաքման ծառայությունը և մեծացնել պատվերի համար հասանելի ապրանքների տեսականին ողջ հանրապետությունում։ Բացի դրանից, եթե երկիրն ունենա սեփական լոգիստիկ կենտրոն, տեղի ձեռներեցների համար ավելի հարմար և հեշտ կլինի առևտուր անելը։
Բակալչուկի խոսքով՝ այսօր Հայաստանից ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, սակայն լուրջ տարբերություն կա Wildberries-ում անմիջապես Հայաստանից վաճառվող ապրանքների և ռուսական պահեստներից կայքում վաճառվող հայկական ծագման ապրանքների շրջանառության միջև։ Հաստատված արտադրություն և վստահելի գործընկերներ ունեցող հայկական խոշոր ընկերությունների համար, հատկապես Ռուսաստանում, սովորաբար դժվար չէ իրենց ապրանքներն առաքել Wildberries-ի ռուսական պահեստներ, որտեղից այդ ապրանքները տեղափոխվում են այն երկրներ, որտեղ ընկերությունը գործում է և առաքումներ անում: Սակայն փոքր բիզնեսի և միկրոբիզնեսի համար ապրանքների առաքումը ռուսական պահեստներ շատ ավելի դժվար է։ Երբ ընկերությունն ունենա իր սեփական լոգիստիկ կենտրոնը Հայաստանում, շատ նոր հնարավորություններ կբացվեն տեղի ձեռներեցների համար։
Ի՞նչ խնդիրների է Wildberries-ը բախվում Հայաստանում
Բակալչուկի խոսքով՝ ներկայումս Հայաստանում աշխատելու հետ կապված որոշակի խնդիրներ ու դժվարություններ կան, սակայն ընկերության մասնագետներն աշխատում են դրանք հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ։
Այսպիսով, օրինակ, որոշ դժվարություններ կան լոգիստիկայի հետ կապված. վերջին շրջանում կայքից ապրանքների պահանջարկը մի քանի անգամ աճել է, և լոգիստիկ համակարգը երբեմն չի կարողանում բավարարել այդ պահանջարկը: Որոշ խնդիրներ կան նաև Ռուսաստանից Հայաստան սննդամթերքի առաքման հետ կապված, որոնց լուծման ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում։
Բացի դրանից, Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությանը երբեմն խոչընդոտում է Վերին Լարսի անցակետի ցածր թողունակությունը: Ընկերությունը քիչ բան կարող է անել այս խնդրի դեմ, բացի նրանից, որ անհրաժեշտության դեպքում, օգտագործում է առաքման այլընտրանքային մեթոդներ, ներառյալ օդային առաքումը:
Ոչ թե ապագայի, այլ ներկայի տնտեսություն
Վերջին տարիներին առցանց առևտուրը մեծ տարածում է ստանում, ընդորում՝ շատ երկրներում և գրեթե բոլոր տարիքային խմբերում: Ըստ Բակալչուկի՝ առցանց առևտուրը նույնիսկ ոչ թե ապագայի, այլ արդեն ներկայի տնտեսությունն է։
Ժամանակին համաշխարհային տնտեսության մեջ գերակշռում էր ձեռքի աշխատանքը, հետո դրան փոխարինելու եկան մեքենաները, հետո ավելի ու ավելի շատ նոր տեխնոլոգիաներ։ Այսօր մենք ապրում ենք համացանցի դարաշրջանում և շատ ժամանակ ենք անցկացնում առցանց, ուստի միանգամայն սպասելի է, որ մեր կարիքներից շատերը նույնպես տեղափոխվում են համացանց, և, հետևաբար, առցանց առևտուրն ավելի ու ավելի տարածված է դառնում:
Իսկ սպառողներն այսօր առցանց առևտրից ակնկալում են անթերիություն, արագություն և պարզություն: Եվ հենց դրան են ձգտում առցանց առևտրի ոլորտում գործող հարթակները։
Wildberries-ը Հայաստանում
Wildberries հարթակը Հայաստանում գործում է 2018-ից։ 2021-ին արդեն բացվել են ստացման գործընկերային կետերը, իսկ ուղղակի վաճառքը սկսվել է 2022-ի վերջին՝ երկրում 2500 մ2 տարածքով առաջին բաշխիչ կենտրոնի բացմամբ։
2023-ին Հայաստանում առաջին անգամ հասանելի դարձավ առաքումների ընդունումը Wildberries-ի պատվերների ընդունման կետերում, ինչը տեղական բիզնեսին թույլ տվեց նվազեցնել իր լոգիստիկ ծախսերը և արագացնել պատվերների առաքումը հաճախորդներին։
2023-ի առաջին կիսամյակի վերջի դրությամբ Հայաստանում գործում է Wildberries-ի պատվերների ընդունման ավելի քան 270 կետ (66 սեփական, 206-ը բացվել են երկրի փոքր բիզնեսի հետ համագործակցությամբ): Հայաստանից կա գրեթե 415,000 գնորդ. այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը բոլոր երկրների շարքում, որտեղ գործում է ընկերությունը։
Ինչ վերաբերում է հայաստանյան ձեռնարկատերերին, ապա այսօր գրանցված է 1878 վաճառող, իսկ 2023-ի սկզբից նրանց թիվն աճել է 42%-ով։ Վերջերս Հայաստանից նոր գործընկերների աջակցության ծրագրի շրջանակում հարթակում վաճառողներին գրանցելու երաշխիքային վճարը նվազեցվել է մինչև 50,000 դրամ։ Այս գումարը կարող է անմիջապես օգտագործվել հարթակում ապրանքների գովազդի և առաջմղման համար։
Թոփ 5 ամենահայտնի տեղական ապրանքները
Ըստ ընկերության մամուլի ծառայության՝ տեղական արտադրանքներից այսօր գնորդների շրջանում ամենատարածվածն են՝
- Սննդամթերք,
- Կոշիկ,
- Հագուստ,
- Ներքնազգեստ,
- Նորածինների համար հագուստ։






