Եթե ՏՏ մասնագետին ներկայացվել է արտադրողականության պլան, որը նա պետք է կատարի, եթե ցանկանում է պահպանել իր պաշտոնը, ապա նա պետք է շտապ սկսի նոր աշխատանք փնտրել: Այս կարծիքը Business Insider-ին տված հարցազրույցում հայտնել է Microsoft-ի մարդկային ռեսուրսների գծով նախկին փոխնախագահ Քրիս Ուիլյամսը։
Նրա խոսքով, աշխատողների առջեւ նման պահանջներ են դնում ընթացիկ հանձնարարությունների կատարման հետ կապված լուրջ խնդիրների պատճառով։ Նման աշխատողները չեն կարող կամ չեն ցանկանում ստանալ այն արդյունքները, որոնք գործատուն պահանջում է իրենցից։ Նույնիսկ եթե ընկերությունը պլանի շրջանակներում ուսուցում և աջակցություն է տրամադրում աշխատողին, հաճախ այդպիսի մասնագետները ամեն դեպքում ձախողվում են և մի քանի ամիս հետո կորցնում են իրենց աշխատանքը:
«Պլանի հաջող ավարտի բանալին մի շարք հիմնաքարեր են, որոնք պետք է կատարվեն որոշակի ժամանակահատվածում: Շատերի համար սա ցավալի փորձ է»,- ասել է Ուիլյամսը:
Նրա խոսքով, մասնագետի համար շատ ավելի հեշտ կլինի բարձրացնել արտադրողականությունը և ընդհանուր աշխատանքից բավարարվածությունը, եթե նա հեռանա և տեղափոխվի այլ ընկերություն:
«Այդ իսկ պատճառով ես խորհուրդ եմ տալիս բոլորին, երբ իրենց նկատմամբ նման պլան են սահմանում, անմիջապես մտածեն հաջորդ քայլի մասին։ Թարմացրե՛ք ձեր CV-ն, ավելի ակտիվորեն զբաղվեք ոլորտում ձեր կոնտակտներով և ուսումնասիրեք այլ հնարավորություններ ձեր ներկայիս ընկերությունից դուրս»,- նշել է մասնագետը։






