Հունիսի 30-ից հուլիսի 2-ը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հրավիրում է Իջևան՝ ԻննոԻջևան հանգույցի պաշտոնական բացմանը և ԻննոՖեստ փառատոնին։ Պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նորարարական հաբի տարածքում (հասցե՝ ք․ Իջևան, Վասիլյան 2):
ԻննոԻջևանը պաշտոնապես կմեկնարկի առաջին միջոցառմամբ՝ InnoFest-ով։ Փառատոնը կմեկնարկի հունիսի 30-ին պաշտոնական բացման արարողությամբ՝ Եվրոպական միության, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և մասնավոր հաստատությունների մասնակցությամբ: Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կանցկացվի «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով պանելային քննարկումը։
Հուլիսի 1-ին և 2-ին Իջևանը կվերածվի նորարարության աշխույժ կենտրոնի՝ մի շարք հետաքրքիր բանախոսություններով, վարպետության դասերով և պանելային քննարկումներով՝ ՏՏ և ձեռներեցության թեմաներով: Իջևանում կհավաքվեն ոլորտի հայտնի փորձագետներն ու տեխնոոլորտի հայտնի դեմքեր, իսկ Տավուշի ձեռներեցները ակտիվորեն կմասնակցեն՝ խթանելով փորձի փոխանակումն ու նոր կապեր ձեռք բերելու հնարավորությունները: ԻննոՖեստի մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցումով․ bit.ly/45Rox0a
«Ուրախ ենք նշել ԻննոԻջևանի պաշտոնական բացումը, այն նոր փոխակերպող հարթակ է, որը կզարգացնի Իջևանի ձեռնարկատիրական էկոհամակարգը դեպի նոր բարձունքներ: Իսկ ԻննոՖեստի միջոցով նպատակ ունենք զարգացնել նորարարության մշակույթը, ոգեշնչել համագործակցությունը և հզորացնել ձգտող ձեռներեցներին՝ իրենց գաղափարներն իրականություն դարձնելու համար»,-նշել է ԻննոԻջևան ծրագրի ղեկավար, ԱՏՁՄ զարգացման և հատւկ նախագծերի ղեկավար Էդիտա Ղազարյանը։
ԻննոԻջևանի մասին
ԻննոԻջևանը նորարարական հաբ է, որը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանում, ուղղված է տարածաշրջանում ձեռներեցության, տեխնոլոգիական առաջընթացի և տնտեսական զարգացման խթանմանը: Ռազմավարական գործընկերությունների և դինամիկ ծրագրավորման միջոցով ԻննոԻջևանն ապահովում է կենսունակ էկոհամակարգ, որը հզորացնում է ձեռներեցներին և խթանում նորարարությունը: ԻննոԻջևան ծրագիրն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Քո-Ո-ի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ։ Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունները՝ մեր պաշտոնական կայքում՝ https://innoijevan.com
Փառատոնի մասին տեղեկությունների համար հետևեք միջոցառման ֆեյսբուքյան էջին։






