Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառությունից հանել է E-draft.am կայքում հանրային քննարկման դրված նախագիծը, որով առաջարկվում էր ՏՏ ոլորտի աշխատողներին հարկել 5% եկամտահարկով՝ 20%-ի փոխարեն։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ շրջանառության դրված նախագծով առաջարկվում էր փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում և ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը ներկայիս 20%-ի փոխարեն հարկել 5%-ով, ինչպես նաև նրանց աշխատավարձերը գնանշել արտարժույթով։ Ըստ նախագծի, փոփոխությունը վերաբերելու էր այն ընկերություններին, որոնց 80% և ավելի համախառն եկամուտը գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։
Նախագծ հիմնավորման մեջ նշվում էր, որ առաջարկվող կարգավորումը պայմանավորված է վերջին ժամանակներս արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորմամբ։
Նշենք, որ նախագիծը բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասել էր, որ ՏՏ ընկերություններին աջակցման նոր փաթեթն ամբողջ ոլորտը դնում է հարվածի տակ։
«Առաջին հայացքից, թվում է, թե աջակցման լավ նախաձեռնություն է, բայց, ըստ էության, այն ամբողջ ոլորտը դնում է հարվածի տակ՝ անհավասար մրցակցային դաշտ ստեղծելով ընկերությունների համար»,- նշել էր Արսեն Ղազարյանը։
Նա նաև ասել էր, որ նախաձեռնությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել ոլորտը ներկայացնող գործարարների շրջանում։ Ըստ նրա՝ եթե նպատակ կա աջակցել ընկերություններին, ապա ինչո՞ւ է այն առնչվում եկամտահարկին, որը վճարում է ոչ թե ընկերությունը, այլ աշխատակիցը։
Բացի դրանից, Ղազարյանի խոսքով՝ ուսումնասիրված չէ, թե աջակցման այս ծրագիրն արդյունքում ինչի՞ կհանգեցնի, քանի որ հիմնական արտահանողներն աութսորսինգ ընկերություններն են, որոնց մեծ մասն արտասահմանյան է։ Ընդ որում՝ հիմնական թիրախում հայտնվում են ռելոկացիա եղած ընկերությունները, որոնք ինչ-ինչ պատճառներով են տեղափոխվել Հայաստան։
Ըստ նրա՝ ստացվում է, որ մենք արտասահմանյան ընկերություններին նվեր ենք տալիս բավականին մեծ գումար՝ ի հաշիվ տեղական ընկերությունների և աշխատակիցների։ Ինչո՞ւ պետք հայրենական ՏՏ ընկերության աշխատակիցը վճարի 20%, իսկ մյուսինը՝ 5% հարկ»,- ասել էր նա։






