Հունիսի 14-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «VivaTech-2023» 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է հայկական 10 տեխնոլոգիական ընկերությունը:

Ինչպես տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, հաշվի առնելով ցուցահանդեսի հեղինակավոր դիրքը տարածաշրջանում և միջազգային հարթակներում, ինչպես նաև հայկական ընկերությունների գրանցած հաջողությունները «VivaTech 2022»-ի ընթացքում` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս տարի ևս հնարավորություն է ընձեռել ոլորտային ընկերություններին և միություններին մասնակցելու ցուցահանդեսին և ներկայացնելու իրենց նորարարական լուծումներն ու պրոդուկտները «Հայաստան» միասնական տաղավարի ներքո:

VivaTech-2023 2.jpg (296 KB)

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները ցուցադրելու են ոլորտի ներուժն ու  նվաճումներն առողջապահական, կրթական, ձայնային տեխնոլոգիաների, երաժշտական վիզուալիզացիայի, ճարտարագիտության, ծրագրային և սարքային ապահովման, առցանց գնումների և վճարումների, էլեկտրոնիկայի, արհեստական բանականության և այլ ոլորտներում: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են «ՎիԱռԴրոբ», «Ադեվից», «ԴուՎորք Թեք», «ԷյԹի», «Դուդուկ», «ՖԲՖ», «Բլիինք», «ԵԻԱ ինժեներինգ», «Թեքստ Էնդ Փեյ Մի» ընկերությունները և ԱՏՁՄ-ն «Արմաթ» ծրագրով:

VivaTech-20234.jpg (243 KB)

Միջոցառումը նաև լավ հնարավորություն է ընձեռում այլ երկրների մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին ծանոթանալու և նրանց հետ փոխգործակցության նախադրյալներ ստեղծելու համար: Հունիսի 15-ին նախատեսվում է հայկական տաղավարում անցկացնել հանդիպում–ֆորում հայկական սփյուռքի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք այս օրերին Ֆրանսիայում են և որպես այցելու մասնակցում են ցուցահանդեսին:

VivaTech-2023 3.jpg (234 KB)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետություն-մասնավոր հատված ձևաչափով փոխշահավետ համագործակցությունը խթանելու նպատակով՝ հունիսի 16-ին հայկական միասնական տաղավարում անցկացնելու է համաժողով ինչպես հայկական և միջազգային մասնակից ընկերությունների, այնպես էլ հայկական սփյուռքի տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 «VivaTech-2023» միջազգային ցուցահանդեսը կտևի հունիսի 14-17-ը:

VivaTech-2023 5.jpg (245 KB)

2022 թ. հունիսի 15-18-ը Փարիզում տեղի ունեցած «VivaTech-2022» միջազգային ցուցահանդեսի ընթացքում հայկական ընկերությունները ձեռք էին բերել մի շարք հեռանկարային պայմանավորվածություններ, կնքել էին վեց պայմանագիր և գրանցել էին մատուցվող ծառայությունների վաճառքի աճ: Ունենալով կրկնակի ներկայացվածություն՝ հայկական տաղավարն իր թվային հարթակում ևս ունեցել էր հաջողություններ: Մասնավորապես՝ հայկական մասնակից ընկերություններից մեկը  գրավել էր 1-ին տեղը «Ստարտափ» անվանակարգում, «ARMENIA» թվային տաղավարը 3-րդ տեղն էր գրավել «Public Sector» լավագույն հնգյակում և 9-րդը՝ «Corporate SMP և Public Sector»-ի լավագույն 15 ստարտափների ցանկում, իսկ ՀՀ ԲՏԱ նախարարության «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագիրը «VivaTech-2022»-ի թվային հարթակում ճանաչվել էր լավագույն 5-րդ նախաձեռնությունը:

Ի դեպ, Evolver ընկերության նախագծերից մեկի՝ VExpo.center-ի շնորհիվ, կարող եք վիրտուալ շրջայց կատարել ցուցահանդեսի տաղավարներով։

VivaTech-2023 6.jpg (280 KB)