Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն բանկային ծառայությունների, այլև ապակենտրոնացված ցանցերում ներդրումների հանգույց: Այսպես է կարծում Beta FT Indexing ընկերության հիմնադիր Արարատ Մկրտչյանը։ Beta FT-ն ֆինթեք ընկերություն է, որն օգնում է ներդրողներին օպտիմալացնել ծախսերն ու ունենալ թափանցիկ ներդրումներ։ Այն ներդրումների կառավարման ոլորտում միակ տեխնոլոգիական ընկերությունն է Հայաստանից, որը նաև ծառայություններ է մատուցում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի խոշոր բանկերին և ընդլայնում է իր գործունեությունը Արաբական Միացյալ Էմիրություններում և ԱՄՆ-ում։

Արարատ Մկրտչյանի դիտարկմամբ՝ այս գործընթացում շատ կարևոր են կարգավորումները, որպեսզի սովորական օգտատերերն ու հաճախորդները հնարավորություն ստանան օգտվելու ապակենտրոնացված ֆինանսական միավորներից առանց օրենք խախտելու: «Ապակենտրոնացված ֆինանսական տիրույթում մենք ընթացակարգերի ու աշխատակարգերի վրա ենք հիմնված, իսկ ընթացակարգերը կենտրոնական բանկերը չեն գրում, դրանք օգտագործողների միջև փոխհամաձայնության արդյունք են, թե ինչպես սահմանել տարբեր ապակենտրոնացված պրոդուկտներ, այդ թվում՝ բիթքոյնը, իտերիումը և այլն։ Հետևաբար, ես կարծում եմ, որ բիթքոյնից զատ պետք է փորձենք լուծում գտնել կոնկրետ այս պրոտոկոլներն ինչ-որ ձևով Հայաստանում իրականացնելու համար»,-ասաց նա։

Այս ամենին զուգահեռ Արարատ Մկրտչյանը կարևորեց Հայաստանում բնակչության ֆինանսական գրագիտության ու ընդհանուր կրթվածության բարձրացումը, որպեսզի գործընթացն ավելի հարթ ընթանա։ «Այն, ինչ ունենք Հայաստանում, հսկայական պոտենցիալ է, որպեսզի ավանդական ֆինանսներից անցում կատարենք ժամանակակից ֆինանսների, որոնք հիմնված են ապակենտրոնացած պրոտոկոլների վրա: Դա թույլ կտա խնայել մեծ գումարներ ու երկիրը գրավիչ դարձնել աշխարհում»։

Խոսելով Հայաստանում ֆինանսական համակարգի ու դրա դերակատարների մասին՝ Արարատ Մկրտչյանը նկատեց, որ նրանց նկատմամբ կա մեծ վստահություն, ինչն ամենաարժեքավորն է այս պահին։ Նա հիշեցրեց ամերիկյան Silicon Valley Bank-ի և շվեյցարական Credit Suisse-ի ճգնաժամերը, որոնց արդյունքում ավանդական ֆինանսական կառույցների նկատմամբ վստահությունը խաթարվել էր ամբողջ աշխարհում։ «Հայաստանում նման իրավիճակ չունենք, քանզի երեսուն տարվա ընթացքում նույնիսկ մեկ բանկ չի սնանկացել ու մեծ կորուստներ չի կրել։ Ընդհակառակը ձեռքբերումներ են ունեցել, ինչն իրականում երկրի ձեռքբերումն է»,-ասաց Մկրտչյանը։ Ըստ նրա՝ հայաստանյան բանկային համակարգը մրցակցում է տարածաշրջանային այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Վրաստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուզբեկստանը, Ղազախստանը և այլն։ «Մենք ոչ թե երկրի ներսում ենք մրցակցում, այլ մրցում ենք տարածաշրջանային ֆինանսական հանգույցների հետ։ Հայաստանի ֆինանսական հաստատությունները, լինելով պահպանողական, իրենց գործը շատ լավ կատարում են ու չունեն հաշվետվությունների խնդիր»,- ավելացրեց նա։

Պահպանողականությունը, ըստ Արարատ Մկրտչյանի, բանկերի համար կայունություն ու անվտանգություն է ապահովում, բայց նաև բարդություններ է առաջանում․ հայկական բանկերը չունեն բավարար ֆինանսական ապահովություն, որ իրենց սեփական գումարը, բալանսը ներդնեն պետական ու կորպորատիվ պարտատոմսերում։ Իսկ լուծումը շուկայահենք բանկային համակարգ կառուցելն է։

Արարատ Մկրտչյանն ապրիլի 5-ին Երևանում կայացած Doing Digital Forum-ի «Ֆինթեքի ապագան» պանելային քննարկման խոսնակներից է։