Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն ազատվել է պաշտոնից։ ԱՏՁՄ վարչության արտահերթ նիստի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել միության փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը։
Հայկ Չոբանյանն իր որոշման մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։ Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար»,- գրել է նա:
Չոբանյանը նշել է, որ ներկա կարգավիճակում ևս շարունակելու է աջակցել և առաջ մղել Միության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը, որոնք մնում են իր համար առաջնահերթություն:
«Անցնելով խորհրդատվական աշխատանքի՝ ուզում եմ ընդգծել, որ հասանելի եմ բոլորիդ։ Շարունակենք միասին աշխատել՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին և կարեւոր ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա: Խնդրում եմ լինենք կապի մեջ, եւ դիմեք, եթե որևէ կերպ կարող եմ օգտակար լինել»,- գրել է նա:
Հայկ Չոբանյանին փոխարինած Սարգիս Կարապետյանը տեխնոլոգիական ձեռներեց է, սերտորեն կապված է ոլորտի հետ, ներգրավված է մի շարք տեխնոլոգիական և հասարակական նախաձեռնություններում։ Հիմնադրել և կառավարել է երկու տեխնոլոգիական ընկերություն, այդ թվում՝ Embry Tech-ը, որն իր գործունեության ընթացքում ներգրավել է 1․1 մլն դոլարի ներդրում վենչուրային ֆոնդերից, միջազգային և տեղական կազմակերպություններից։






