Երևանում կայացել է Code Battle ծրագրավորողների մրցույթը, որին մասնակցել է շուրջ 300 ծրագրավորող։ Մրցույթում հաղթել է երեք մասնակից, որոնք խրախուսվել են դրամական պարգևներով, ևս 37 մասնակից ստացել է «Լավագույն կոդ գրող»-ի սերտիֆիկատներ։
Արման Մկրտչյանի համար հաղթանակը սպասելի չէր։ «Մրցույթին շատ հաճույքով մասնակցեցի, ձեռք բերեցի նոր գիտելիքներ, շնորհակալ եմ նման հնարավորության համար»,- ասել է նա։
Սերյոժա Իսրայելյանն իր հերթին ասել է, որ շատ տպավորված է մրցույթով։ «Շատ հետաքրքիր էր ինձ համար մրցույթը, փորձում էի խնդիրներն արագ լուծել, որպեսզի կարողանամ տեղավորվել ժամանակի մեջ։ Շատ տպավորված եմ մրցույթով, ձեռք բերեցի նոր գիտելիքներ, նոր ընկերներ»,- նշել է նա։
Պավել Լոռեցյանը մի քանի ամիս է, ինչ զբաղվում եմ ծրագրավորմամբ, հաղթանակը նրա համար ևս անսպասելի էր։ «Հաղթանակը տվեց ինձ էլ ավելի պայքարելու, ավելիին ձգտելու մոտիվացիա»,- ասել է նա։

Մրցույթը կազմակերպած Full Learning ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Ազոյանը պատմել է, որ ստացվել էր 500-ից ավելի դիմում, որոնցից ընտրել էին 300-ը։
«Մրցույթին կարող են մասնակցել սկսած յոթ տարեկանից։ Այսօր ունենք նաև յոթ և 45 տարեկան մասնակիցներ։ Առաջադրվել են տարբեր խնդիրներ՝ յուրաքանչյուրին իր գիտելիքին համապատասխան։ Գնահատելու ենք գրագետ, պրոֆեսիոնալ կոդը։ Մրցույթը ծրագրավորողներին տալիս է ոգեշնչում , մոտիվացիա, որը փոխանցվում է նաև մեզ և պարտավորեցնում ամեն տարի ավելի մեծ ալիք հաղորդել մրցույթին։ Ամեն անգամ նմանօրինակ միջոցառումներից հետո մենք տեսնում ենք ավելի մեծ հոսք դեպի ՏՏ ոլորտ»,- ասել է նա։
Մրցույթի մասնակիցներին ողջունելու է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Հրանուշ Վարդանյանը, որը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին այսպիսի հնարավորություն ընձեռելու համար։
«Ուրախ եմ տեսնել այստեղ տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ, որը հաճելի և հուսադրող է նաև մեզ համար։ Սա ևս մեկ հրաշալի առիթ է ծրագրավորողներին փորձելու մասնագիտական հնարավորությունները»,- նշել է Հրանուշ Վարդանյանը։
Code Battle-ի նպատակն է միավորել ծրագրավորողներին, որոնք միմյանց հետ ծանոթանալու, ուժերը փորձելու և մեկ թիմ դառնալու հնարավորություն կունենան։ Մրցույթի նպատակն է նաև ստեղծել տարբեր կապեր և համագործակցություններ։






