API ChatGPT և API Whisper. OpenAI-ը ներկայացրել է ծրագրավորողների համար նախատեսված գործիքներ

3 մարտի, 2023  11:54

OpenAI-ը՝ այսօր այնքան հայտնի ChatGPT չատբոտն ստեղծած ընկերությունը, թողարկել է API ChatGPT-ն և API Whisper-ը: Այս API-ներով (Application Programming Interface, հավելվածի ծրագրավորման ինտերֆեյս) ծրագրավորողները կարող են ChatGPT և Whisper լեզուների մոդելներն ինտեգրել իրենց հավելվածներում և այլ արտադրանքներում:

Ծրագրավորողների համար ChatGPT-ն հասանելի է 0,002 դոլարով 1000 նիշ դիմաց, մինչդեռ Whisper-ն արժե 0,006 դոլար մեկ րոպեն:

Շուկայի շատ առաջատարներ արդեն ակտիվորեն ներդնում են OpenAI լեզվի մոդելներն իրենց արտադրանքներում: Օրինակ՝ վերջերս լուսանկարների և տեսանյութերի փոխանակման Snapchat հարթակում հայտնվեց My AI ֆունկցիան՝ ChatGPT-ի հիման վրա: Ճիշտ է, առայժմ այն ​​հասանելի է միայն Snapchat+ բաժանորդագրության շրջանակում՝ ամսական 4 դոլարով:

ChatGPT չատբոտի վրա հիմնված արհեստական ​​բանականությունը ներդրվել է նաև Bing որոնման համակարգի թարմացված տարբերակում, ինչպես նաև Windows 11 թարմացված օպերացիոն համակարգի առաջադրանքների տողում։

Արհեստական բանականությունը նաև ինտեգրել են Instacart և Shopify հավելվածներին, իսկ Speak լեզուների ուսուցման հավելվածը վերջերս ստացել է հնարավորություն՝ հիմնված Whisper-ի վրա։ Այն խոսքը տեքստի վերածելու ԱԲ գործիք է, որն ընդունակ է հասկանալ 99 լեզու։ 


 
 
 
 
  • Արխիվ