Ծիր Կաթինի հսկայական սև խոռոչը ոչնչացնում է Երկրից 50 անգամ մեծ փոշու ամպը

24 փետրվարի, 2023  18:11

Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև խոռոչը մասերի է բաժանում և ոչնչացնում հսկայական փոշու ամպը, որը 3000 անգամ մեծ է Արեգակի և Երկրի միջև եղած տարածությունից, տեղեկացնում է Space.com-ը։

Փոշու ամպը, որը կոչվում է X7 և 50 անգամ մեծ է Երկրի զանգվածից, պտտվում է մեր գալակտիկայի գերզանգվածային Sagittarius A* կոչվող սև խոռոչի շուրջը: Անցած 20 տարիների ընթացքում աստղագետները հետևել են այս փոշու ամպի ճանապարհորդությանը՝ օգտագործելով Վ. Մ. Կեկի աստղադիտարանը, որը գտնվում է Հավայան կղզիների Մանուա Կեա բնակավայրում և աշխարհի ամենահզոր աստղադիտակներից մեկն է:

Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ փոշու ամպը աստիճանաբար ձգվել է, քանի որ այն փաթաթվել է սև խոռոչի շուրջը և այժմ դրա երկարությունը 3000 անգամ ավելի է, քան Արեգակի և Երկրի միջև առկա տարածությունը։

2002-ին մեկնարկած դիտորդական արշավը նոր պատկերացումներ է տալիս գործընթացների մասին, որոնք կառավարվում են Sagittarius A*-ի կողմից գործադրվող գրավիտացիոն հզոր ուժերի միջոցով։

«Սա եզակի հնարավորություն է հետևելու սև խոռոչի մակընթացային ուժերի հետևանքները բարձր լուծաչափով, ինչը հնարավորություն է տալիս հասկանալ գալակտիկայի կենտրոնի ծայրահեղ պայմանների մասին»,- ասել է ուսումնասիրության առաջատար հեղինակ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտող Աննա Կիուրլոն։

Աստղագետները X7-ն ուսումնասիրել են՝ օգտագործելով աստղադիտարանի NIRC2 գործիքը, որը ցույց է տալիս տիեզերքը ինֆրակարմիր լուսի մերձակա տիրույթում, ինչպես NASA-ի James Webb տիեզերական աստղադիտակը: Շնորհիվ փոշու մեջ ներթափանցելու ինֆրակարմիր լույսի կարողության՝ գիտնականները կարողացել են ուսումնասիրել փոշու ամպի շարժումն ամենայն մանրամասնությամբ և պարզել, որ ներկայումս գալակտիկայի կենտրոնի շուրջը մեկ ամբողջական պտույտ այն կատարում է մոտ 170 տարում։ Գիտնականները հաշվարկել են, որ 2036-ին փոշու ամպն ամենաշատը կմոտենա սև խոռոչին, և դրանից կարճ ժամանակ անց ամպն ամբողջովին կվերանա։

X7 .jpg (73 KB)

«Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են x7-ի ձևի և դինամիկայի զգալի փոփոխություններ տեղի ունենում այսպիսի մեծ մանրամասնություններով և համեմատաբար կարճ ժամանակահատվածում մինչ Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև խոռոչի գրավիտացիոն ուժերն ազդում են այս օբյեկտի վրա»,- ասել է ուսումնասիրության հեղինակներից Ռենդի Քեմփբելը:

Երբ փոշու ամպը «կնքի իր մահկանացուն», սև խոռոչը կուլ կտա դրա նյութը: Այս գործընթացի ընթացքում, ըստ գիտնականների, կարող է որոշակի «հրավառություն» տեղի ունենալ, քանի որ փոշին սկսում է տաքանալ նախքան իրադարձության հորիզոնը հատելը:

Թեև հետազոտողները կանխատեսել են, թե ինչ ապագա է սպասվում փոշու ամպին, նրանք շատ  քիչ բան գիտեն դրա անցյալի մասին: Նրանք կարծում են, որ ամպը կարող է ձևավորված լինել  երկու աստղի միաձուլման պրոցեսի արդյունքում գոյացած փոշու և գազի արտանետումից:

«Մեկ հավանական տարբերակ է այն, որ X7-ի գազն ու փոշին արտանետվել են այն պահին, երբ երկու աստղերը միավորվել են,- ասել է Աննա Կիուրլոն,- Այս գործընթացում միավորված աստղը թաքնված է փոշու և գազի կեղևի մեջ, և արտանետվող գազը գուցե ստեղծել է X7-ի նման օբյեկտներ»:

X7-ը մեկն է փոշու այն բազմաթիվ ամպերից, որ գոյություն ունեն Ծիր Կաթինի կենտրոնում: Դրանք կոչվում են G օբյեկտներ, որոնք ծայրահեղ արագ են պտտվում սև խոռոչի շուրջը՝ վայրկյանում մինչև 790 կմ արագությամբ։ X7-ի մասին ստացված ինֆորմացիան կարող է օգնել աստղագետներին կանխատեսումներ անել այլ G օբյեկտների մասին։

Ուսումնասիրությունը հրապարակվել է Astrophysical Journal ամսագրում։


 
 
 
 
  • Արխիվ