ChatGPT-ի տարածումը ֆինանսական ոլորտում զանգվածային կրճատումների կհանգեցնի. ո՞ր մասնագետները դեռ չեն վախենում աշխատանքը կորցնելուց

7 փետրվարի, 2023  18:48

Արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող ChatGPT-ի նման համակարգերի տարածումը ոչ հեռու ապագայում կհանգեցնի զանգվածային կրճատումների՝ հատկապես ֆինանսական, իրավական և տեխնոլոգիական ոլորտներում: Հետաքրքիր է, սակայն, որ հենց ֆինանսական հատվածում մասնագետների մեծ մասը դեռ չի անհանգստանում իր աշխատանքի համար և վտանգ չի տեսնում ի դեմս ԱԲ-ի։

Ինչպես պարզել է MLIV Pulse ընկերության հետազոտությունը, հարցված 292 տնտեսագետների, հետազոտողների և ֆինանսական ստրատեգների ավելի քան երկու երրորդը կարծում է, որ առաջիկա երեք տարում ԱԲ-ն չի կարող փոխարինել իրենց:

Ըստ Bloomberg-ի՝ նույն կարծիքի են նաև ավագ մենեջերների, ակտիվների բաշխմամբ զբաղվող և պորտֆոլիոյի մենեջերների կեսից ավելին. նրանք բոլորն էլ կարծում են, որ անում են այնպիսի աշխատանք, որից ԱԲ-ն դեռ չի կարող գլուխ հանել։

Սակայն վաճառքի և ռիսկերի կառավարման մասնագետները չեն կիսում նրանց լավատեսությունը. այս մասնագետների գրեթե կեսը վստահ է, որ առաջիկա երեք տարում ԱԲ-ն կկարողանա իրենց փոխարինել աշխատավայրում։

Ըստ հետազոտության՝ ահա, այսպես են ֆինանսական ոլորտի տարբեր մասնագետներ պատասխանել հարցին, թե «Արդյո՞ք ԱԲ-ն Ձեզ կփոխարինի երեք տարվա ընթացքում»։

 will-ai-take-your-job-in-3-years.jpg (155 KB)

MLIV Pulse-ի մասնագետները մեկ այլ հարցում են անցկացրել, որի մասնակիցներին հարցրել են, թե արդյոք նրանք իրենց աշխատանքում կիրառում են ԱԲ, մասնավորապես ներդրումների և առևտրի ոլորտում։ Գնումներով զբաղվող թրեյդերների, տնտեսագետների, հետազոտողների և ֆինանսական ստրատեգների մեծ մասն ասել է, որ իր աշխատանքում ԱԲ չի օգտագործում և չի էլ պլանավորում դա անել ապագայում:

Ուսումնասիրությունը պարզել է, որ ԱԲ ծառայություններն ամենատարածվածն են վաճառքով զբաղվող թրեյդերների շրջանում: Բացի դրանից, ավագ մենեջերների և ակտիվների բաշխմամբ զբաղվողների ավելի քան մեկ երրորդը նախատեսում է ապագայում իր աշխատանքում օգտագործել ԱԲ:

Investors-were-asked-about-use-of-ai

Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, ապա այսօր շատ ընկերություններ բավականին ակտիվորեն կրճատում են աշխատատեղերը և միևնույն ժամանակ մեծ գումարներ ներդնում ԱԲ-ի զարգացման համար։ Օրինակ՝ հունվարին Alphabet-ը, որին պատկանում է Google որոնողական համակարգը, հայտարարեց 12,000 աշխատատեղերի կրճատման մասին, մինչդեռ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հայտարարեց, որ ԱԲ-​ն ներդրումների առանցքային ոլորտ է ընկերության համար:

Իր հերթին, Microsoft-ը, 10,000 աշխատակցի կրճատելու ծրագրերի ֆոնին, հայտարարեց OpenAI-ում 10 մլրդ դոլար ներդնելու մասին:

Նույն իրավիճակն այսօր նկատվում է տեխնոլոգիական բազմաթիվ այլ ընկերություններում. աշխատուժի մի մասը կրճատում են՝ փորձելով որտեղ հնարավոր է մարդկանց փոխարինել ավտոմատացված գործընթացներով:

MLIV Pulse-ի կողմից հարցված ներդրողների մեծ մասը կարծում է, որ այս կրճատումները արդարացված են կամ նույնիսկ դեռ մի բան էլ քիչ: Հարցվածների միայն 11%-ը հավանություն չի տալիս կրճատումներին, իսկ 13%-ը դրանք վաղաժամ է համարում:


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ