Մարսի վրա գտել են մոխրագույն քար, որը տարբերվում է շրջակայքի հողից. ի՞նչ կարող է դա լինել

16 հունվարի, 2023  12:29

Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա անսովոր քար է հայտնաբերել, որը զգալիորեն տարբերվում է շրջակայքում առկա հողային զանգվածից՝ ինչպես իր հարթ մակերեսով, այնպես էլ մոխրագույն երանգով:

Ինչպես NASA-ի մարսյան առաքելության էջում տեղեկացնում է մոլորակային երկրաբան Քեթրին Օ'Քոնել-Կուպերը, հարթավայրի վրա, որտեղ այն լուսանկարվել է, քարը կարող էր ընկնել Շարփ լեռան գագաթից (այդպես ոչ պաշտոնապես կոչվում է Էոլիդ լեռը (Aeolis Mons)):

Այն կարող է լինել նաև երկնաքար, որը ժամանակին մոլորակի վրա ընկել է տիեզերքից: Այս վարկածն ավելի ճշմարտանման է թվում, հատկապես, որ քարը նման է մոլորակի վրա նախկինում հայտնաբերված երկնաքարերին:

Mars-strange-rock

Օ'Քոնել-Կուպերի խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում NASA-ի գիտնականները, որոնք պատասխանատու են Curiosity առաքելության համար, ուսումնասիրել են վերջին 10 տարվա ընթացքում Մարսի մակերևույթի վրա հայտնաբերված ընդամենը մի քանի երկնաքար, ուստի նոր գտածոն նրանց մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Մարսի վրա հայտնաբերված ամենահետաքրքիր երկնաքարերից մեկը Egg Rock-ն է եղել, որը նկատվել է 2016 թ․։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն բաղկացած է երկաթից։ Գիտնականները չեն բացառում, որ երկնաքարը աստերոիդի միջուկի մաս է կազմել։

Գիտնականները դեռ պետք է պարզեն, թե ինչ բաղադրություն ունի նոր հայտնաբերված քարը և որտեղից այն կարող էր հայտնվել Մարսի վրա։

Curiosity. 11 տարի Մարսի վրա

Curiosity մարսագնացը Մարս է ուղարկվել NASA-ի Մարսի գիտական ​​լաբորատորիա (Mars Science Laboratory) առաքելության շրջանակում 2011 թ. նոյեմբերի 26-ին։ 2012 թ. օգոստոսի 6-ին մարսագնացը վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի Gale խառնարանի ներսում գտնվող Aeolis Palus հարթավայրի վրա, որի ուսումնասիրությամբ էլ այն պետք է զբաղվեր։

Curiosity մարսագնացը, որի անունն անգլերենից թարգմանաբար նշանակում է «հետաքրքրասիրություն», ավտոնոմ աշխատող քիմիական լաբորատորիա է, որը մի քանի անգամ ավելի մեծ և ծանր է, քան դրան նախորդած մարսագնացները՝ Spirit-ը և Opportunity-ն: Մարսագնացի երկարությունը 3 մետր է, բարձրությունը` 2,1 մետր, լայնությունը՝ 2,7 մետր։ Այն կշռում է 899 կգ, որից 80 կգ-ը գիտական ​​սարքավորումների քաշն է։

Curiosity Mars

Մարսագնացը սնուցվում է ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրական գեներատորով, որն էլեկտրաէներգիա է արտադրում պլուտոնիում-238 իզոտոպի բնական քայքայման արդյունքում: Մարսագնացի էլեկտրակայանը պարունակում է 4,8 կգ պլուտոնիում-238։

Curiosity-ն շարժվում է ժամում 30 մետր միջին արագությամբ և կարող է հաղթահարել մինչև 75 սանտիմետր բարձրությամբ խոչընդոտներ։ 2022 թ․ հունիսի 1-ի դրությամբ այն անցել է ավելի քան 28 կմ տարածք։

Ի սկզբանե սպասվում էր, որ մարսագնացը կծառայի մեկ մարսյան տարի, որը հավասար է 686 երկրային օրվա: Այնուամենայնիվ, 2012 թ․ դեկտեմբերին Curiosity-ի առաքելությունը երկարաձգվեց անորոշ ժամանակով։ Ներկայումս այն շարունակում է ուսումնասիրել Մարսը և տվյալներ ուղարկել Երկիր։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ