Google-ը և Nvidia-ն նույնպես «մտահոգաված» են. ինչո՞ւ են բոլորը դեմ Microsoft-ի կողմից Activision Blizzard-ի կլանմանը

13 հունվարի, 2023  17:40

Google-ը և Nvidia-ն մտահոգություն են հայտնել ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովին (FTC)՝ կապված Microsoft-ի կողմից տեսախաղեր արտադրող Activision Blizzard-ի ձեռքբերման հետ: Alphabet կոնգլոմերատի մեջ մտնող ընկերությունները պնդում են, որ այս գործարքը կարող է Microsoft-ին անարդար առավելություն տալ ամպային և բջջային խաղերի շուկաներում:

Ինչո՞ւ են շատերը դեմ Microsoft-ի և Activision Blizzard-ի միաձուլմանը

Առաջին անգամը չէ, որ այս գործարքի վերաբերյալ մտահոգություններ են հնչում. վերջերս Activision Blizzard-ի և Microsoft-ի հնարավոր ձեռքբերման պատճառով վրդովված էր նաև Sony-ն, որն անհանգստանում էր, որ Microsoft-ը կարող է ամբողջական վերահսկողություն ստանալ Call of Duty խաղի նկատմամբ և այն դարձնել բացառապես կոնսոլների համար խաղ։

Շատ գեյմերներ նույնպես դեմ են արտահայտվում գործարքին. վերջերս 10 գեյմերներ փորձել էին դատարանի միջոցով արգելափակել Microsoft-ի կողմից Activision Blizzard-ը ձեռք բերելու գործարքը, քանի որ նրանք կարծում են, որ դա կորպորացիային չափազանց մեծ իշխանություն կտա և կօգնի ճնշել մրցակցությունը տեսախաղերի ոլորտում:

FTC-ն ինքը դեմ է Activision Blizzard-Microsoft-ի գործարքին և դատական ​​հայց է ներկայացրել՝ փորձելով արգելափակել այն: Հանձնաժողովի մասնագետները համոզված են, որ Microsoft-ը ցանկանում է ձեռք բերել ամենախոշոր և անկախ խաղային ստուդիան, որպեսզի վնասի մրցակիցներին և ապագայում կարողանա մանիպուլյացիաների ենթարկել գները շուկայում։

Ի՞նչ է ասում Microsoft-ը

Microsoft-ը վստահ է, որ Activision Blizzard-ի կլանումը չի պարունակում բոլոր այն ռիսկերը, որոնց մասին խոսում են մրցակիցները, այլ, ընդհակառակը, կարող է «ընդլայնել մրցակցությունը և ավելի շատ հնարավորություններ ստեղծել գեյմերների և մշակողների համար»:

Microsoft-ի ներկայացուցիչ Դեյվիդ Քադին նշել է, որ ընկերությունը պատրաստ է լուծել կարգավորիչների և մրցակիցների կողմից հնչեցված բոլոր խնդիրները։ Ընկերությունը նաև առաջարկել է Sony-ին պայմանագիր կնքել, ըստ որի՝ նույնիսկ Activision Blizzard-ը կլանելուց հետո Call of Duty խաղերը առաջիկա 10 տարում կթողարկվեն PlayStation կոնսոլներում։  

Հիշեցնենք, որ Microsoft-ը պաշտոնապես հայտարարեց Activision Blizzard-ի հետ գործարքի մասին 2022 թ․ հունվարին։ Ակնկալվում է, որ գործարքը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 68,7 միլիարդ դոլար, կարող է ավարտին հասցվել արդեն 2023 թ․ հունիսին, եթե, իհարկե, բոլոր լիազորված կարգավորիչները դա հաստատեն։ Գործարքի արդյունքում Microsoft-ի սեփականությունը կդառնան մի շարք հայտնի խաղերի ֆրենչայզներ, այդ թվում՝ Call of Duty-ն, Crash Bandicoot-ը, Spyro-ն, Warcraft-ը, StarCraft-ը, Diablo-ն, Overwatch-ը և Candy Crush-ը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ