Ավելի մարդանման ռոբոտներ, Web3, ԱԲ, մետավերս, քվանտային տեխնոլոգիաներ․ 2023 թ․ 10 լավագույն տեխնոլոգիական միտումները

30 դեկտեմբերի, 2022  21:15

Ի՞նչ սպասել տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում հաջորդ տարի, որո՞նք կլինեն 2023-ի ՏՏ կարևոր միտումները, ինչի՞ն պետք է գործարար աշխարհի առաջնորդները պատրաստ լինեն՝ շուկայի պահանջներին համահունչ քայլելու համար։ Forbes պարբերականն առանձնացրել է 2023-ի ՏՏ թրենդները, որոնք ներկայացնում ենք ստորև։

ԱԲ-ն կլինի ամենուր

2023 թ․ արհեստական բանականությունը (ԱԲ) կլինի ամենուր։ ԱԲ-ի կիրառումը բիզնեսներին հնարավորություն կտա ստեղծել ավելի խելացի ապրանքներ և ծառայություններ: Այս միտումն արդեն կա մանրածախ շուկայում: Stitch Fix-ն օգտագործում է ԱԲ-ով աշխատող ալգորիթմներ՝ հաճախորդներին առաջարկելու հագուստ, որը համապատասխանում է նրանց չափերին և ճաշակին: Անհպում, ինքնավար գնումներն ու առաքումները նույնպես թրենդային կլինեն 2023 թ․: ԱԲ-ն սպառողների համար կհեշտացնի ապրանքների և ծառայությունների համար վճարելն ու դրանք ստանալը:

Metaverse-ը մասամբ կդառնա իրական

Մասնագետները կանխատեսում են, որ մետավերսը 2030 թ․ համաշխարհային տնտեսությանը կավելացվի 5 տրիլիոն դոլար, իսկ 2023 թ․ կլինի հենց այն տարին, որը կորոշի, թե որ ուղղությամբ կզարգանա մետավերսը հաջորդ տասնամյակում: Լրացված (AR) և վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաները կշարունակեն զարգանալ հատկապես աշխատանքային միջավայրում: Microsoft-ը և Nvidia-ն արդեն մշակում են մետավերս հարթակներ՝ թվային նախագծերում համագործակցելու համար:

Ընկերություններն արդեն օգտագործում են մետավերս տեխնոլոգիաները, ինչպիսիք են AR-ը և VR-ը՝ նաև թրեյնինգներ և նոր աշխատակիցների ինտեգրման գործընթացը կազմակերպելու համար, և այս միտումը կարագանա 2023 թ․: Խորհրդատվական ծառայություններ մատուցող Accenture-ն արդեն ստեղծել է նման միջավայր, որը կոչվում է Nth Floor, որտեղ նոր աշխատողները և ներկայիս աշխատակիցները կարող են իրականացնել HR-ի հետ կապված առաջադրանքներ՝ առանց ֆիզիկապես գրասենյակում ներկա գտնվելու անհրաժեշտության:

Առաջընթաց Web3-ում

Բլոկչեյն տեխնոլոգիան նույնպես զգալիորեն կզարգանա 2023 թ․, քանի որ ընկերությունները ստեղծում են ավելի ապակենտրոնացված ապրանքներ և ծառայություններ: Օրինակ՝ այսօր մենք ամեն ինչ պահում ենք ամպում, բայց եթե ապակենտրոնացնենք տվյալների պահպանումը և գաղտնագրենք այդ տվյալները՝ օգտագործելով բլոկչեյնը, մեր տեղեկությունները ոչ միայն ավելի ապահով կլինեն, այլև մենք կունենանք դրա նկատմամբ հասանելիության և վերլուծելու նորարարական ուղիներ:

Անփոխարինելի թոքենները (NFT) նոր տարում կդառնան ավելի օգտագործելի և գործնական։ NFT-ները կարող են դառնալ այն բանալիները, որոնք մենք օգտագործում ենք մեր գնած թվային շատ ապրանքների և ծառայությունների համար։

Թվային և ֆիզիկական աշխարհի միացում

Արդեն նկատելի է թվային և ֆիզիկական աշխարհների միջև ձևավորվող կամուրջը, և այս միտումը կշարունակվի 2023 թ․: Այս միաձուլումն ունի երկու բաղադրիչ՝ թվային երկվորյակի տեխնոլոգիա և 3D տպագրություն:

Թվային երկվորյակները իրական աշխարհի գործընթացների, գործառնությունների կամ արտադրանքների վիրտուալ սիմուլյացիաներ են, որոնք կարող են օգտագործվել անվտանգ թվային միջավայրում նոր գաղափարներ փորձարկելու համար: Դիզայներներն ու ինժեներները թվային երկվորյակներ են օգտագործում վիրտուալ աշխարհների ներսում ֆիզիկական առարկաներ վերստեղծելու համար, որպեսզի նրանք կարողանան փորձարկել ցանկացած հնարավոր պայմաններում՝ առանց իրական փորձերի բարձր ծախսերի: 2023 թ․ մենք կտեսնենք ավելի շատ թվային երկվորյակներ՝ գործարաններից մինչև հաստոցներ, ավտոմեքենաներ և ճշգրիտ առողջապահություն:

Վիրտուալ աշխարհում փորձարկումներից հետո ինժեներները կկարողանան շտկել և խմբագրել բաղադրիչները, այնուհետև դրանք ստեղծել իրական աշխարհում՝ օգտագործելով 3D տպագրության տեխնոլոգիան:

Բնությունն ավելի շատ խմբագրելի կդառնա

Մենք կապրենք մի աշխարհում, որտեղ կարող ենք փոփոխություններ կատարել նյութի, բույսերի և նույնիսկ մարդկանց մեջ՝ դրանք խմբագրելով: Նանոտեխնոլոգիան մեզ հնարավորություն կտա ստեղծել բոլորովին նոր հատկանիշներով նյութեր, ինչպիսիք են ջրակայունությունը և ինքնավերականգնման հնարավորությունները:

Գեների խմբագրման CRISPR-Cas9 տեխնոլոգիան գոյություն ունի արդեն մի քանի տարի, բայց 2023 թ․ դրա զարգացումը կարագանա, որպեսզի մեզ հնարավորություն տա «խմբագրել մարդկայն բնությունը»՝ փոփոխելով ԴՆԹ-ն: Գենային խմբագրումը կարող է օգտագործվել ԴՆԹ-ի մուտացիաները շտկելու, սննդային ալերգիայի խնդիրը լուծելու, մշակաբույսերի առողջությունը բարձրացնելու կամ նույնիսկ մարդու հատկանիշները խմբագրելու համար, ինչպիսիք են աչքերի և մազերի գույնը:

Քվանտային առաջընթաց

Աշխարհում այսօր քվանտային հաշվարկները զարգացնելու մրցավազք է ընթանում։ Քվանտային հաշվարկն օգտագործում է ենթաատոմային մասնիկներ՝ տեղեկությունների մշակման և պահպանման նոր եղանակներ ստեղծելու համար։ Այն տեխնոլոգիական թռիչք է և ակնկալվում է, որ դրա հիման վրա կստեղծվեն համակարգիչներ, որոնք կարող են աշխատել տրիլիոն անգամ ավելի արագ, քան այսօրվա ամենաարագ ավանդական պրոցեսորները: Ի դեպ, Ճապոնիայում արդեն վաճառվում են աշխարհի առաջին դյուրակիր քվանտային համակարգիչները։

Առաջընթաց կանաչ տեխնոլոգիայում

Մարդկության ամենամեծ մարտահրավերներից մեկը ածխածնի արտանետումներն են, որոնք պետք է նվազագույնի հասցվեն, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել կլիմայական ճգնաժամը: 2023 թ․ շարունակական առաջընթաց տեղի կունենա կանաչ ջրածնի ոլորտում․ այն մաքուր այրվող էներգիայի նոր աղբյուր է, որը ջերմոցային գազերի գրեթե զրոյական արտանետումներ ունի: Shell-ը և RWE-ն՝ եվրոպական երկու խոշոր էներգետիկ ընկերությունները, արդեն ստեղծում են առաջին խոշոր կանաչ խողովակաշարը Հյուսիսային ծովում գտնվող հողմակայաններից:

Առաջընթաց կգրանցվի նաև ապակենտրոնացված էլեկտրացանցերի զարգացման գործում։ Այս մոդելի միջոցով բաշխված էներգիայի արտադրությունը ապահովում են փոքր էներգիայի գեներատորների և պահեստավորման համակարգերը, որոնք տեղակայված են համայնքներում կամ առանձին տներում, այնպես որ նրանք կարող են էլեկտրաէներգիա ապահովել, նույնիսկ եթե հիմնական ցանցը հասանելի չէ:

Ռոբոտներն ավելի մարդակերպ կդառնան

2023 թ․ ռոբոտներն էլ ավելի կնմանվեն մարդկանց, ինչպես արտաքինով, այնպես էլ  կարողություններով: Այս տեսակի ռոբոտներն իրական աշխարհում կօգտագործվեն որպես դիմավորող անձնակազմ, բարմեններ, դռնապաններ և տարեցների ուղեկիցներ: Նրանք նաև բարդ առաջադրանքներ կկատարեն պահեստներում և գործարաններում:

Մի ընկերություն արդեն աշխատում է մարդանման ռոբոտ ստեղծելու համար, որը մարդկանց կօգնի առօրյա գործերում: 2022 թ․ սեպտեմբերին Tesla AI Day միջոցառման ժամանակ Իլոն Մասկը բացահայտեց երկու Optimus մարդանման ռոբոտի նախատիպերը՝ նշելով, որ ընկերությունը պատրաստ կլինի պատվերներ ընդունել առաջիկա 3-5 տարվա ընթացքում: Ռոբոտը կարող է կատարել այնպիսի պարզ առաջադրանքներ, ինչպիսիք են իրեր բարձրացնելը և բույսերը ջրելը, ուստի, հավանաբար, շուտով մարդիկ կկարողանան ունենալ «ռոբոտ սպասավորներ»։

Առաջընթաց ինքնավար համակարգերում

Բիզնեսի առաջնորդները կշարունակեն առաջընթաց գրանցել ինքնավար համակարգերի ստեղծման գործում, մասնավորապես, առաքման և լոգիստիկայի ոլորտում: Շատ գործարաններ և պահեստներ արդեն դարձել են մասնակի կամ ամբողջությամբ ինքնավար։ 2023 թ․ աշխարհն ականատես կլինի ավելի շատ ինքնակառավարվող բեռնատար մեքենաների և նավերի, ինչպես նաև առաքող ռոբոտների, և նույնիսկ ավելի շատ պահեստներ և գործարաններ կկիրառեն ինքնավար տեխնոլոգիաներ:

Ավելի կայուն տեխնոլոգիաներ

Ի վերջո, 2023-ը կլինի նաև կայուն տեխնոլոգիաների խթանման տարի: Հաջորդ տարի շարունակական ջանքեր կգործադրվեն մատակարարման շղթաներն ավելի թափանցիկ դարձնելու ուղղությամբ, քանի որ սպառողները պահանջում են, որ ապրանքներն ու ծառայությունները, որոնցից իրենք օգտվում են, ներդրումներ են անում, լինեն էներգաարդյունավետ և ապահովված լինեն ավելի կայուն տեխնոլոգիայով:


 
 
 
 
  • Արխիվ