Twitter-ը կասեցրել է մի քանի լրագրողների օգտահաշիվները՝ Մասկի ինքնաթիռի գտնվելու մասին նյութերը տարածելու համար

16 դեկտեմբերի, 2022  20:01

Twitter-ը ժամանակավորապես կասեցրել է մի քանի հայտնի լրագրողների օգտահաշիվներ, որոնք վերջերս գրել էին «@elonjet» թվիթերյան օգտատիրոջ մասին։ Վերջինս սոցցանցի նոր սեփականատեր Իլոն Մասկի ինքնաթիռի գտնվելու մասին պարբերաբար տեղեկություններ էր հրապարակում։ Մասկը պարզաբանել է, որ անձնական տեղեկությունների հրապարակումն արգելող կանոնները վերաբերում են բոլորին, ներառյալ լրագրողներին:

Արձագանքելով լրագրողների օգտահաշիվները կասեցնելու մասին թվիթերյան մի գրառման՝ Մասկը, որը մշտապես ներկայացել է որպես խոսքի ազատության ջատագով, գրել է. «Դոքսինգի կանոնները նույնությամբ վերաբերում են «լրագրողներին», ինչպես մնացածին»։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, դրանով Մասկը փաստացի հղում է արել Twitter-ի կանոններին, որոնք արգելում են անձնական ինֆորմացիայի տարածումը (կոչվում է դոքսինգ)։ Twitter-ը չորեքշաբթի նաև թարմացրել է իր կանոնները՝ արգելելով նաև տվյալ պահին մարդու գտնվելու մասին տեղեկությունների հրապարակումը։

Մասկի թվիթերյան գրառումը նաև վերաբերում է Twitter-ի կողմից «@elonjet» անունով օգտահաշվի արգելափակմանը։ Այս օգտահաշիվը, օգտագործելով հանրային տիրույթում առկա տվյալները, հետևում է նրա անձնական ինքնաթիռին իրական ժամանակում և պարբերաբար հրապարակում, թե տվյալ պահին որտեղ է Մասկի ինքնաթիռը: Մասկը սպառնացել էր դատական գործ հարուցել այս օգտահաշվի հեղինակի դեմ։

«Ամբողջ օրը ինձ քննադատելը միանգամայն նորմալ է, բայց իրական ժամանակում իմ գտնվելու վայրի մասին հրապարակելը և ընտանիքիս վտանգի ենթարկելը` ոչ»,- Twitter-ում գրել է Մասկը, որն անցած ամիս մեկ այլ գրառմամբ հայտարարել էր, թե ինքն այնքան է հանձնառու ազատ խոսքին, որ չի պատրաստվում արգելափակել իր ինքնաթիռին հետևող օգտատիրոջը։

Ո՞ւմ օգտահաշիվներն են կասեցվել

Կասեցված օգտահաշիվներից մեկը պատկանում է Washington Post-ի լրագրող Դրյու Հարվելին (@drewharwell), որը Mastodon սոցցանցում գրել է, որ ինքը վերջերս գրել է Մասկի մասին և Twitter-ում տեղադրել «հանրայնորեն հասանելի, օրինական կերպով ձեռք բերված տվյալների» հղումներ։

Twitter-ը կասեցրել է նաև Times-ի լրագրող Ռայան Մաքի (@rmac18), CNN-ի լրագրող Դոնի Օ'Սալիվանի (@donie) և Mashable-ի լրագրող Մեթ Բայնդերի (@MattBinde), անկախ լրագրող Աարոն Ռուպարի (@atrupar) օգտահաշիվները։

Ռայան Մաքը վերջերս Twitter-ում մի քանի գրառում է արել «@elonjet» օգտահաշվի կասեցման մասին և հարցազրույց վերցրել այդ օգտահաշիվը վարող 20-ամյա Ջեք Սուինիից։

Twitter-ը նաև դադարեցրել է Mastodon-ի պաշտոնական էջը (@joinmastodon), որը համարվում է Twitter-ի այլընտրանքներից մեկը, եթե ինչ-որ պահի Twitter-ը դադարեցնի գործունեությունը։

Twitter-ը Մասկի օրոք

Այն պահից հետո, երբ Իլոն Մասկը ձեռք բերեց Twitter-ը, սոցցանցը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում։ Իլոն Մասկի գալուց հետո Twitter-ի աշխատակազմն ավելի քան երկու անգամ կրճատվել է։ Աշխատակիցների կեսին Մասկը հեռացրեց գործադիր տնօրեն դառնալուց գրեթե անմիջապես հետո։ Ավելի ուշ նա աշխատանքից ազատեց իրեն հրապարակավ քննադատող ինժեներներին։ Որոշ ժամանակ անց ընկերության շատ աշխատակիցներ սկսեցին ինքնակամ հեռանալ, երբ Մասկը նրանց վերջնագիր ուղարկեց, որում պահանջում էր կա՛մ աշխատել «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ», կա՛մ ազատվել աշխատանքից։ Երբ Իլոն Մասկը գնեց Twitter-ը, ընկերությունն ուներ մոտ 7500 աշխատակից։ Հիմա մնացել են մոտ 2700-ը։

Սակայն սրանով Twitter-ի խնդիրները չեն սահմանափակվում։ Ընկերություններից հեռացել են խոշոր գովազդատուները, պատճառն այն է, որ Մասկն անձամբ է զանգահարել գովազդատուներին և կշտամբել նրանց։ Թեև Apple-ը և Amazon-ը վերջերս վերսկսել են գովազդը Twitter-ում։

Ընկերությունը նաև կրճատել է բովանդակությունը մոդերացնող աշխատակիցներին, և հիմա այդ աշխատանքը կատարվում է ծրագրի միջոցով․ կանոնները խախտող բովանդակությունը ոչ թե հեռացվում է, այլ սահմանափակվում է դրա տարածումը։

Ծախսերի կրճատման շրջանակում Twitter-ը վերջերս լուծարել է Վստահության և անվտանգության հարցերով խորհուրդը։ 


 
 
 
 
  • Արխիվ