ՏՏ ոլորտին աջակցության ծրագրի ընդունումը օրերի հարց է. ոլորտը թթվածին կստանա սուբսիդիայի տեսքով. Վահան Քերոբյան

30 նոյեմբերի, 2022  12:33

Էկոնոմիկայի նախարարությունը դեռեւս սեպտեմբերից շրջանառության մեջ է դրել ՏՏ ոլորտի ընկերություններին աջակցության ծրագիրը, որը կառավարության մեր գործընկերների հետ քննարկման վերջնական փուլում է եւ կարծում եմ՝ մոտակա օրերին արդեն որոշում կունենանք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի տոնակատարության ժամանակ NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ դա թույլ կտա ՏՏ ոլորտի այն ընկերություններին, որոնք վնասներ են կրել արտարժույթի արժեզրկումից, «թթվածին ստանալ սուբսիդիայի տեսքով», ժամանակ շահել, որպեսզի կարողանան վերադասավորվել ուժեղ արժևորված դրամի այսպիսի միջավայրում:

Հարցին, թե ինչու է ձգձգվում այդ ծրագրի իրագործումը՝ հաշվի առնելով, որ ՏՏ ոլորտի ընկերությունները նշում են, որ անգամ սեպտեմբերին դա արդեն ուշացած էր, Քերոբյանը պատասխանեց.

«Փոխհատուցման չափը շատ մեծ է բյուջեի համար: Գնահատվում է, որ դա կարող է լինել 15-25 մլրդ դրամի չափով մի քանի ամիսների համար: Քանի որ գումարը մեծ է, որոշման լրջությունն էլ է մեծ եւ անհրաժեշտություն կա ճիշտ կշռադատել: Մենք հասկանում ենք, որ ոլորտը տուժում է ոչ միայն դրամի արժեւորումից, այլեւ ՏՏ ոլորտում համաշխարհային ճգնաժամից։ Աշխարհի խոշորագույն ընկերությունները մեծ վնասներ են կրում: Օրինակ՝ Amazon-ն արդեն 1 տրլն դոլար է կորցրել: Այո՛, մենք կուզեինք, որ ավելի արագ լիներ, բայց կան ընթացակարգեր, որոնք պետք է պահպանել: Կարծում եմ՝ արդեն մի քանի օրվա հարց է», - ասաց նա:

Նախարարը հիշեցրեց, որ 2004-2008 թվականներին ՏՏ ոլորտը վերացավ Հայաստանից, երբ դրամը կտրուկ արժեւորվեց՝ դոլարը 575 դրամից դարձավ 300 դրամ:

«Հիմա մենք դեռեւս չենք վերականգնել այն ծավալները, որոնք եղել են 2004 թ․: Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ չկրկնվի այն վիճակը, որը եղել է 2000-ականներին», - ընդգծեց նա։

Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացրած նախագծով նախատեսվում է, որ ՏՏ ոլորտի ընկերությունները սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար պետությունից հետ կստանան եկամտային հարկի գումարները, թեև ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ նույնիսկ այս միջոցառումը ամբողջությամբ չի լուծի խնդիրը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա վերջին յոթ ամսում լուծարվել է ՏՏ ոլորտի չորս ընկերություն, ևս չորս ընկերություն սնանկացել է, իսկ 17-ի լուծարումն ընթացքի մեջ է, հաշվառումից հանվել է 342 անհատ ձեռնարկատեր։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 16-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ արտարժույթի արժեզրկման հետևանքով խնդիրներ ունեցող ՏՏ ընկերություններին պետական աջակցություն տրամադրելու խնդիրը պետք է լուծվի, սակայն ինքն անձամբ դեմ է օրենսդրական և ֆիսկալ փոփոխություններին։

«Ես չգիտեմ ինչով կավարտվի վերջնական քննարկումը, բայց օրենսդրական փոփոխություններին, որոնք պետք է այդ ադապտացիոն ֆունկցիան կատարեն, ես անձամբ դեմ եմ։ Եվ ֆիսկալին էլ եմ դեմ։ Չի՛ կարելի նման դեպքերում հարկային փոփոխություններ անել,և չի՛ կարելի օրենսդրական ֆունդամենտալ փոփոխություններ անել։ Միջոցառումով, ես կարծում եմ, կօժանդակենք և կկոմպենսացնենք տվյալ կորուստը, բայց՝ ճիշտ թիրախով», - ասել էր նա։

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 24-ին կառավարության որոշմամբ Հայաստանում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տրամադրումը երկարաձգվել է ևս մեկ տարով։


 
 
 
 
  • Արխիվ