ՀՀ-ում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տրամադրումը կերկարաձգվի ևս մեկ տարով

24 նոյեմբերի, 2022  19:39

Հայաստանում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով տրամադրվող պետական աջակցությունը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների համապատասխան նախագծերին։

Կառավարությունից տեղեկացնում են, որ օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ:

Ըստ կառավարության տրամադրած տեղեկատվության՝ 2022 թ. աննախադեպ է դիմումների և տրամադրված հավաստագրերի քանակով։ Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 2022թ. նոյեմբերի 8-ի դրությամբ, հավաստագրված կազմակերպությունների թիվը 1230 է, որից 1105-ի հիմնադիրները այլ երկրների քաղաքացիներ են։

Օրենքի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտ են համարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք ՀՀ-ում կգրանցեն նոր կազմակերպություն։ Նրանք ևս կարող են դիմել, ստանալ հավաստագիր և արտոնյալ պայմաններով սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։  

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ արտարժույթի արժեզրկման հետևանքով Հայաստանում 2022 թ․ վերջին յոթ ամիսներին լուծարվել է ՏՏ ոլորտի չորս ընկերություն, լուծարման գործընթացում է 17-ը, ևս չորս ընկերություն սնանկ է ճանաչվել, հաշվառումից հանվել է 342 անհատ ձեռնարկատեր։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից NEWS.am Tech-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ վերջին յոթ ամիսներին փակված/հաշվառումից հանված տնտեսավարող սուբյեկտների աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 585։ 

Հարցին՝ Հայաստանում ՏՏ ոլորտի քանի՞ ընկերություն է գործում, նախարարությունից պատասխանել էին, որ 2022 թ․ սեպտեմբերի դրությամբ ՏՏ ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալել եւ ՀՀ ԲՏԱ նախարարությանը հաշվետվություն են ներկայացրել թվով 2794 տնտեսվարող սուբյեկտ։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ