Հրապարակվել է 2024-ի լավագույն Android սմարթֆոնների ցանկը․ որո՞նք են դրանք

1 հուլիսի, 2024  18:04

Տեխնոլոգիաներ լուսաբանող անգլալեզու հեղինակավոր The Verge պարբերականը հրապարակել է 2024-ի առաջին կիսամյակի լավագույն Android սմարթֆոնների վարկանիշային ցուցակը։

Այս համեմատության մեջ հաղթող է ճանաչվել Samsung Galaxy S24 Plus-ը, որն ստացել է բարձր գնահատականներ իր 6,7 դյույմանոց 1440p 120Hz AMOLED էկրանի և Snapdragon 8 Gen 3 պրոցեսորի համար։ Սարքն ունի 4900 մԱ/ժ մարտկոց, լարային և անլար լիցքավորման աջակցություն, իսկ 50 ՄՊ, 10 ՄՊ և 12 ՄՊ տեսախցիկի սենսորները թույլ են տալիս լուսանկարել 3x օպտիկական խոշորացումով:

Երկրորդ տեղում Samsung Galaxy S24 Ultra-ն է։ Մոդելն առանձնանում է մեծ 6,8 դյույմանոց AMOLED էկրանով, տիտանե շրջանակով և S-Pen ստիլուսի աջակցությամբ: 200 ՄՊ հիմնական տեսախցիկը՝ օպտիկական պատկերի կայունացմամբ, 50 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակը՝ 5x խոշորացմամբ, երկրորդ 10 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակը՝ 3x խոշորացմամբ, 12 ՄՊ լայնանկյուն մոդուլը և 12 ՄՊ առջևի տեսախցիկը, ըստ պարբերականի, այս սարքն իդեալական են դարձնում լուսանկարչության սիրահարների համար:

Չինական առաջատար OnePlus 12-ը զբաղեցրել է երրորդ տեղը՝ շնորհիվ իր 6,82 դյույմանոց OLED էկրանի՝ 1440p կետայնությամբ և թարմացման բարձր հաճախությամբ, Dolby Vision համակարգի, Snapdragon 8 Gen 3 պրոցեսորի։ Սմարթֆոնն ունի մինչև 24 ԳԲ օպերատիվ հիշողություն լավագույն տարբերակում և 5400 մԱ/ժ մարտկոց՝ 100 Վտ լարային լիցքավորման աջակցությամբ: The Verge-ը OnePlus 12-ն անվանել է լավագույն սմարթֆոն նրանց համար, ովքեր հոգնել են արհեստական բանականության համատարած ներդրումից։

Google Pixel 8 Pro-ն նույնպես ուշադրության է արժանացել պարբերականի կողմից իր 6,7 դյույմանոց 120 Հց հաճախությամբ LTPO OLED էկրանով, ընկերության արտադրության Tensor G3 չիպով, 5050 մԱ/ժ մարտկոցով, 30 Վտ լարային լիցքավորմամբ և 23 Վտ անլար լիցքավորմամբ: Սմարթֆոնն ունի 50 ՄՊ հիմնական տեսախցիկ՝ OIS-ով, 48 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակ՝ 5x խոշորացմամբ, 48 ՄՊ գերլայնանկյուն ոսպնյակ և 10,5 ՄՊ առջևի տեսախցիկ: Սարքը նաև ունի պաշտպանություն խոնավությունից և փոշուց՝ համաձայն IP68 ստանդարտի: Ըստ The Verge-ի՝ Pixel 8 Pro-ն իդեալական լուծում է ընտանեկան տեսա- և լուսանկարահանման համար:

Բացի դրանից, The Verge-ն առանձնացրել է Samsung Galaxy Z Fold 5-ը և Nothing Phone-ը (2): Որպես ուշագրավ սարքեր նշվել են նաև Samsung Galaxy Z Flip 5-ը, OnePlus Open-ը և Google Pixel 8a-ն։


 
 
 
 
  • Արխիվ