Ներկայացվել է մինիմալիստական ոճի ​​հեռախոս՝ սև և սպիտակ էկրանով․ ի՞նչ գործառույթներ ունի Light Phone 3-ը

12 հունիսի, 2024  20:04

Light ընկերությունը իր նախորդ հեռախոսի՝ Light Phone 2-ի թողարկումից հինգ տարի անց հայտարարել է ավելի ֆունկցիոնալ Light Phone 3-ի մասին։ Ընկերության համահիմնադիր Կայվեյ Թանն ասում է, որ E Ink էկրանով Light Phone 2-ը շարունակում է մեծ պահանջարկ վայելել։ Սակայն սարքի որոշ առանձնահատկություններ դուր չեն եկել պոտենցիալ գնորդներին և հենց այդ պատճառով էլ ընկերությունը շտկել է սխալները և հայտարարել է Light Phone 3-ի մասին։

«E Ink էկրան, թարմացման հաճախություն. մեր օգտատերերի գրեթե 50%-ը չի կարողացել ընտելանալ դրանց: Սա է հիմնական պատճառը, որ նրանք հրաժարվում են [սարքից]»,- բացատրել է նա։

Պոտենցիալ գնորդներին դուր չի եկել նաև տեսախցիկի բացակայությունը։ Light Phone 3-ի դեպքում E Ink էկրանին փոխարինելու է եկել 3,92 դյույմանոց սև և սպիտակ OLED էկրանը՝ 1080 × 1240 պիքսել կետայնությամբ։ Ձախ կողմում կա անիվ, որը պտտելով կարգավորվում է էկրանի պայծառությունը։ Նույն անիվի վրա տեղադրված է նաև լապտերը միացնելու և անջատելու կոճակը։

light-phone-3_2.jpg (181 KB)

Հեռախոսն ունի 50 ՄՊ հիմնական և 8 ՄՊ դիմային տեսախցիկ՝ ֆոկուսի ֆիքսված տարածությամբ։ Դրանք նախատեսված են QR կոդերը սկանավորելու և վիդեո զանգերի համար:

Light Phone 3-ն ստացել է NFC մոդուլ, քանի որ արտադրողը մտադիր է միացնել անլար վճարումներ, կա նաև USB Type-C միակցիչ, որն առկա է ժամանակակից սարքերի մեծ մասում, և մատնահետքի սկաներ։

Մարտկոցը հնարավոր է փոխարինել ինքնուրույն, ինչը դրական կազդի սարքի ծառայության ժամկետի վրա։ Հեռախոսը սնուցվում է Qualcomm SM 4450 չիպով (Snapdragon 4 Gen 2)։ Օպերատիվ հիշողությունը՝ 6 ԳԲ է, ներկառուցվածը՝ 128 ԳԲ։

Հեռախոսը հասանելի է նախնական պատվերի համար, գինը կախված կլինի ստացված դիմումների քանակից․ որքան շատ սարքեր վաճառի ընկերությունը, այնքան ցածր կլինի դրա գինը։ Առայժմ ընկերության կայքում գինը 399 դոլար է, առաքումը նախատեսված է հաջորդ տարվա հունվարին, սակայն գովազդային նյութերում նշվում է 799 դոլար գինը։  

light-phone-3_3.jpg (201 KB)

Այս նախագծի ամենադժվար կողմը պարզության և օգտագործողի նվազագույն կարիքների միջև հավասարակշռություն հաստատելն է: Այժմ հեռախոսն ունի երաժշտություն և փոդքասթներ լսելու հիմնական գործիքներ, օրացույց, նավիգատոր և նշումների հավելված։

Ապագայում արտադրողը դիտարկում է Light Phone 3-ում ինտեգրել Spotify API գործիքները, տաքսի ծառայության հավելված, անհպում վճարումներ անելու, ձայնային հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, ինչպես նաև Beeper-ը, որը կծառայի ակնթարթային մեսենջերների մեծ մասն ինտեգրելու համար: Ընկերությունը փորձեր է կատարել նաև ChatGPT-ի և արհեստական ​բանականության այլ հարթակների հետ, սակայն դեռ չի որոշել դրանք ինտեգրել:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ