Արեգակի վրա բռնկումը Երկրի վրա 2017-ից ի վեր գրանցված ամենաուժեղ ռադիացիոն փոթորիկն է առաջացրել

11 հունիսի, 2024  17:16

Արեգակի վրա տեղի է ունեցել M դասի բռնկում, որը Երկրի վրա 2017-ից ի վեր ամենահզոր S3 ուժգնությամբ ճառագայթային փոթորիկ է առաջացրել: Սա կենսաբանական վտանգավորության մակարդակն է բարձր թռչող ինքնաթիռների ուղևորների և անձնակազմի, ինչպես նաև բաց տարածության մեջ գտնվող տիեզերագնացների համար, տեղեկացնում է Space.com-ը։

Հունիսի 8-ին տեղի ունեցած M9.7 բռնկումը, ի լրումն Երկրի հյուսիսային լայնություններում բևեռափայլերի, առաջացրել է կարճ ալիքային ռադիոկապի խափանում և, որ ավելի վտանգավոր է, ուժեղ ճառագայթային փոթորիկ է առաջացրել տիեզերքում։

Երկրի վրա ինքնաթիռների անձնակազմերը, որոնք ճառագայթման տարածք մտնելու ռիսկի առաջ են կանգնած, ստացել են երթուղիները փոխելու հրահանգներ: Արբանյակային համակարգի խափանումների մասին տեղեկություններ չկան: Արբանյակներն առավել խոցելի են գամմա և ռենտգենյան ճառագայթման հոսքերի բռնկումների, ինչպես նաև պլազմայի՝ Արեգակից կորոնային զանգվածի արտանետման նկատմամբ:

Վերգետնյա ենթակառուցվածքների համար կա ևս մեկ վտանգ՝ երկար մետաղական կառույցներում ուղիղ հոսանքի ինդուկցիան, երբ Երկրի մագնիսական դաշտը շարժվում է արևային քամու (արևային բռնկումների) ազդեցության տակ։ Էներգետիկ ոլորտը պատրաստ է դրան 1989-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ գեոմագնիսական փոթորկի արդյունքում  Կանադայի Քվեբեկ քաղաքի ենթակայաններից մեկում տրանսֆորմատորը հալվեց։

Շատ ավելի դժվար է բացահայտել արեգակնային ակտիվության ազդեցությունը խողովակաշարերի վրա: Խողովակների մեջ հոսանքների առաջացումը արագացնում է կոռոզիան, որը շատ դժվար է հայտնաբերել, հատկապես, եթե դա ստորգետնյա ենթակառուցվածք է: Երկաթուղային ազդանշանը ևս կարող է տուժել արևային ակտիվությունից։ Բացի դրանից տուժում է գլոբալ նավիգացիոն համակարգը։

2024-ի մայիսին արևի բռնկումների առավելագույն ինտենսիվությունը հասել է X12-ի, ինչը նույնիսկ ազդել է Մարսի տիեզերական եղանակի վրա։ Այդ ժամանակ Երկրի վրա բևեռափայլերի ալիք տեղի ունեցավ։ Արեգակից եկող լիցքավորված մասնիկները «ռմբակոծում» էին Երկիրը և մագնիսական դաշտի եզրերով սլանում դեպի բևեռներ: Քանի որ արեգակնային քամու զգալի ճնշման պարագայում մոլորակի մագնիսական դաշտն ավելի հարթ ձև ստացավ, դրա ինտենսիվությունը հասարակածում մեծացավ, և բևեռափայլերը տեղափոխվեցին ավելի ցածր լայնություններ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ