Վեց փոփոխություն iOS 18-ում, որոնք կապված չեն ԱԲ-ի հետ

6 հունիսի, 2024  10:31

Հաջորդ շաբաթ WWDC-ի ժամանակ Apple-ը կներկայացնի iOS 18 օպերացիոն համակարգը, որում մի շարք նորություններ կլինեն։ Դրանց մի մասը հիմնված կլինի արհեստական բանականության գործիքների վրա, որոնց մասին կարող եք կարդալ այստեղ։ Սակայն iOS 18-ում նախատեսվում են նաև այլ փոփոխությունները, որոնք ներկայացնում ենք ստորև։

Պատկերակները՝ էկրանի ցանկացած մասում

Ըստ մամուլի հրապարակումների՝ Apple-ն առաջին անգամ օգտատերերին թույլ կտա հավելվածների պատկերակները և վիջեթները տեղադրել գլխավոր էկրանի ցանկացած հատվածում, ինչպես Android-ի դեպքում է։ Ի դեպ, iPad-ը ներկայումս օգտատերերին թույլ է տալիս էկրանի իրենց ուզած մասում տեղադրել վիջեթներ (բայց ոչ հավելվածների պատկերակներ):

Հավելվածների պատկերակների թեմաներ

iOS 18-ն իր հետ կբերի մեկ այլ մեծ փոփոխություն հիմնական էկրանին․ խոսքը հավելվածների պատկերակների գույներն ընտրելու հնարավորության մասին է: Ըստ Bloomberg-ի՝ այս նոր գործառույթն օգտատերերին առաջին անգամ թույլ կտա «փոխել հավելվածների պատկերակների գույնը» ամբողջ համակարգի մակարդակով:

Առայժմ լիովին պարզ չէ, թե կոնկրետ ինչպես դա կաշխատի: Bloomberg-ի առաջարկած օրինակը հուշում է, որ հնարավոր է «բոլոր սոցցանցերի պատկերակները դարձնել կապույտ կամ ֆինանսների հետ կապված պատկերակները կանաչ»:

Apple Maps-ի թարմացում

iOS 18-ը Apple Maps հավելվածում կավելացնի հատուկ երթուղու ստեղծման նոր գործառույթի աջակցություն։ Դա iPhone-ի օգտատերերին հնարավորություն կտա նախագծել իրենց հատուկ երթուղիները ճամփորդության համար, այլ ոչ թե հիմնվել Apple Maps-ի առաջարկած երթուղիներից մեկի վրա: Ներկայումս Apple Maps-ն առաջարկում է մի քանի երթուղիներ դեպի օգտատիրոջ նշած նպատակակետը, սակայն iOS 18-ի այս գործառույթի շնորհիվ օգտատերերը լիարժեք վերահսկողություն կունենան։

Control Center-ի բարելավում

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, iOS 18-ում կլինի նորացված Control Center, որի նոր դիզայնը կներառի նորացված երաժշտական ​​վիջեթ, ինչպես նաև HomeKit ինտեգրման բարելավումներ: Նշենք, որ ներկայում iOS-ը «խելացիորեն» ընտրում է մինչև վեց աքսեսուար՝ Control Center-ի գլխավոր բաժնում ցուցադրելու համար: Այս դասավորությունը, այնուամենայնիվ, կառավարվում է ավտոմատ կերպով և միշտ չէ, որ իդեալական է այն առումով, թե ինչ է ցուցադրվում այս էջում։

Տեքստային էֆեկտներ Messages-ում

Անցյալ շաբաթ մամուլի հրապարակումներից մեկը ենթադրում էր, որ iOS 18-ի շրջանակում Messages հավելվածը կստանա նաև տեքստային էֆեկտի աջակցություն: MacRumors-ի տվյալներով՝ այս գործառույթն օգտատերերին թույլ կտա «հաղորդագրության մեջ անիմացիաներ ավելացնել առանձին բառերի վրա»:

Կարգավորումների նոր հավելված

iOS 18-ը կներառի «Կարգավորումներ» (Settings) հավելվածի նոր տարբերակ iPhone-ի օգտատերերի համար: Այն ենթադրաբար կունենա բարելավված միջերես, որում ամեն ինչ ավելի լավ կազմակերպված կլինի և ավելի հեշտ կլինի գտնել օգտատիրոջ փնտրած կարգավորումը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ