Ի՞նչ նոր գործառույթներ կլինեն դեռ չթողարկված iOS 18-ում

16 մայիսի, 2024  18:07

iOS 18 և iPadOS 18 օպերացիոն համակարգերում սպասվում են մի շարք փոփոխություններ, որոնցից մի քանիսը նկարագրված են Apple ընկերության կայքում։ Նոր գործառույթներից շատերը նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար iPhone-ի և iPad-ի հետ շփումը հեշտացնելու նպատակով:

Eye Tracking-ը՝ հետաքրքիր նոր գործառույթներից մեկը, օգտատերերին հնարավորություն է տալիս սարքը կառավարել հայացքի միջոցով: Տեխնոլոգիան առջևի տեսախցիկն օգտագործում է օգտատիրոջ հայացքին հետևելու համար, ինչը հնարավորություն է տալիս միջերեսի հետ շփվել առանց հպումների: Այս գործառույթից օգտվելու համար հարկավոր չէ ո՛չ որևէ լրացուցիչ բան ներբեռնել, ո՛չ էլ հատուկ աքսեսուարներ գնել:

Հաջորդ նորարարությունը՝ Music Haptics-ը, կարող է երաժշտական ​​ռիթմ հաղորդել սմարթֆոնի հպման արձագանքի ակտիվացման միջոցով։ Այսպիսով, լսողության խանգարումներ ունեցող մարդիկ կկարողանան երաժշտությունն ընկալել հեռախոսի թրթռոցի միջոցով։

Vehicle Motion Cues գործառույթը էկրանին շարժման վիզուալիզացիայի միջոցով կօգնի նվազեցնել կինետոզի վիճակը, երբ մարդը վատ է զգում տրանսպորտում եղած ժամանակ էկրանին նայելիս։ Այս ֆունկցիան արդեն գրավել է բազմաթիվ օգտատերերի հետաքրքրությունը։

Vocal Shortcuts և Listen for Atypical Speech գործառույթները նախատեսված են, որպեսզի հեշտացվի սարքի հետ խոսքի խանգարումներ ունեցող մարդկանց շփումը․ նրանք կկարողանան սարքին փոխանցել նախապես գրված արտահայտություններ բարդ առաջադրանքներ կատարելու համար: Բարելավվել են նաև սարքի խոսքի ճանաչման հնարավորությունները։

Apple-ը նաև հայտարարել է, որ բարելավել է CarPlay-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

Սպասվում են այլ նորամուծություններ՝ ոչ միայն iOS 18-ի և iPadOS 18-ի, այլ նաև visionOS-ի համար: Թարմացումների մասին հայտարարությունը տեղի կունենա հունիսին կայանալիք WWDC 2024-ի ժամանակ, իսկ նոր օպերացիոն համակարգերի թողարկումը նախատեսված է սեպտեմբերին։


 
 
 
 
  • Արխիվ