Artemis 1 առաքելություն. Orion տիեզերանավն արել է Լուսնի առաջին տեսագրությունը

21 նոյեմբերի, 2022  10:20

NASA-ի Orion տիեզերանավը, որը Artemis 1 առաքելության շրջանակում այժմ թռչում է դեպի Լուսին, արել է Լուսնի առաջին տեսագրությունը։ Պլանի համաձայն՝ այսօր՝ նոյեմբերի 21-ին, տիեզերանավը դուրս է գալու Լուսնի ուղեծիր։

Տեսանյութում, որը նկարահանվել է տիեզերանավի կորպուսի արտաքին կողմում տեղադրված տեսախցիկով, հեռվում երևում է թույլ լուսավորված Լուսինը, իսկ առաջին պլանում երևում է Orion-ի կորպուսի մի մասը։ Տեսանյութն արվել է առաքելության երրորդ օրը՝ նոյեմբերի 19-ին, երբ տիեզերանավն արդեն անցել էր դեպի Լուսին ճանապարհի կեսը։

Orion տիեզերանավը արձակվել է նոյեմբերի 16-ին SLS գերծանր հրթիռով։ Artemis 1 առաքելության շրջանակում Orion-ը պետք է 25-օրյա թռիչք կատարի դեպի Լուսին, կատարի երկու պտույտ և դեկտեմբերի 11-ին վերադառնա Երկիր։ Այսօր տիեզերանավը հնարավորինս շատ կմոտենա Լուսնին (արբանյակի մակերեւույթից մոտ 100 կմ հեռավորության վրա) և կթռչի նրա շուրջը։

Orion-ում տիեզերագնացներ չկան, քանի որ օդաչուավոր հաջորդ առաքելությունը դեպի Լուսին նախատեսված է 2025 թ․։ Բայց տիեզերանավի վրա կան որոշ անսպասելի և հետաքրքիր իրեր, այդ թվում՝ երեք մանեկեններ, որոնք հագեցած են 5600 սենսորներով, որպեսզի չափեն ճառագայթման մակարդակը։ Դա փորձագետներին կօգնի հասկանալ, թե որքան վտանգավոր են նման թռիչքները տիեզերագնացների համար: Մանեկեններից մեկը կրում է ճառագայթումից պաշտպանվելու AstroRad բաճկոն:

Առայժմ Orion-ի թռիչքն անցնում է առանց լուրջ խափանումների, և տիեզերանավի համակարգերը, ինչպես վստահեցնում են NASA-ի փորձագետները, կատարողականի առումով գերազանցում են սպասելիքները:

Թռիչքի չորրորդ օրվա ընթացքում թիմը փորձել է տեղաշարժել բոլոր արևային վահանակները՝ հասկանալու համար, թե ինչպես են դրանց տարբեր կոնֆիգուրացիաներն ազդում Wi-Fi ազդանշանի հզորության վրա, ինչպես նաև գտնելու ֆայլերը արագ փոխանցելու համար լավագույն դիրքը: Այս պահին հնարավոր է եղել պարզել, որ միաժամանակ մի քանի տեսախցիկ միացնելը ազդում է Wi-Fi-ով տվյալների փոխանցման արագության վրա, ուստի ապագայում գիտնականները նախատեսում են ֆայլերի փոխանցումն ավելի արդյունավետ կազմակերպել՝ ամեն անգամ տվյալները կուղարկեն սարքի մի կողմից։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ