Արեգակի վրա վերջին տասնամյակի ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել. մայիսի 12-13-ը Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում

10 մայիսի, 2024  16:21

Արեգակի վրա X3.9 դասի առանձնապես հզոր բռնկում է տեղի ունեցել, որը դարձել է ամենահզորներից մեկը վերջին 25 տարիների ընթացքում: Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքում։

«Արեգակի վրա նոր, առանձնապես մեծ բռնկում է արձանագրվել։ Նախնական հզորությունը՝ ոչ պակաս, քան X3.9: Այս իրադարձությունը չորրորդ ամենահզորն է արեգակնային ընթացիկ 25-րդ ցիկլում»,- պարզաբանել են լաբորատորիայում՝ հավելելով, որ բռնկումը կարող է հանգեցնել մայիսի 12-13-ը Երկրի վրա մագնիսական փոթորիկների։

Արևային բռնկումները Արեգակի մակերևույթի վրա տեղի ունեցող ժայթքումներն են, որոնք արձակում են էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվ պայթյուններ: Դրանք առաջանում են, երբ արեգակնային մթնոլորտում կուտակված մագնիսական էներգիան արձակվում է։

Արեգակնային բռնկումներն ըստ չափերի բաժանվում են տառային խմբերի, որոնցից ամենահզորը X դասն է: Այնուհետև M դասի բռնկումներն են, որոնք 10 անգամ ավելի քիչ հզոր են, քան X դասի բռնկումները, դրանց հաջորդում են C դասի բռնկումները, որոնք 10 անգամ ավելի թույլ են, քան M դասի բռնկումները։ B դասի բռնկումները 10 անգամ ավելի թույլ են, քան C դասի բռնկումները, իսկ A դասի բռնկումները 10 անգամ ավելի թույլ են, քան B դասի բռնկումները և Երկրի վրա նկատելի ազդեցություն չունեն: Յուրաքանչյուր դասի ներսում 1-ից 10 թվերը (և ավելի բարձր՝ X դասի բռնկումների դեպքում) նկարագրում են բռնկման հարաբերական ուժը:

Ավելի վաղ Արեգակի վրա հիպերակտիվ բծերից հզոր բռնկումներ էին տեղի ունեցել մայիսի 8-ին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ