Աստղագոյացման հետևանքով NGC 4383 գալակտիկայից 20,000 լուսատարի երկարությամբ գազի արտանետում է ձևավորվել

13 մայիսի, 2024  22:31

Աստղագետները, MAUVE ծրագրի շրջանակում օգտագործելով Extremely Large Telescope աստղադիտակի վրա տեղադրված MUSE սպեկտրոգրաֆը, հայտնաբերել են գազի հսկա արտանետում NGC 4383 գալակտիկայից։ Ենթադրվում է, որ այն առաջացել է աստղերի ձևավորման և գերնոր աստղերի պայթյունների հետևանքով: Այս արտանետման կառուցվածքի և բաղադրության ուսումնասիրությունը լույս է սփռում գալակտիկաներում աստղերի ձևավորման ցիկլերի վրա, տեղեկացնում է Arstechnica.com-ը:

Գիտնականների միջազգային թիմը իոնացված գազի հսկա արտանետումը հայտնաբերել է Կույս կլաստերում գտնվող NGC 4383 գալակտիկայում։ Հետազոտողներին հաջողվել է ստանալ այս գազային միավոր մանրամասն պատկերը: Պարզվել է, որ արտահոսքի երկարությունը կազմում է մոտ 20,000 լուսատարի և այն NGC 4383-ի կենտրոնական շրջանում ակտիվ աստղերի ձևավորման արդյունք է։ Աստղագոյացման գործընթացի արդյունքում գալակտիկայի ներսից հսկայական ծավալի տարբեր տարրեր են դուրս մղվել, այդ թվում՝ ջրածին, թթվածին, ազոտ և ծծումբ։ Գիտնականները հաշվարկել են, որ արտանետված գազի ընդհանուր զանգվածը կազմում է 50 միլիոն Արեգակի զանգված:

Աստղագետները վաղուց էին ենթադրում, որ գազերի հզոր արտանետումները առանցքային դեր են խաղում գալակտիկաների էվոլյուցիայում, քանի որ, դուրս գալով աստղերի խորքից՝ այն աղտոտում է գալակտիկաների միջաստղային միջավայրը և, մասամբ մտնելով միջգալակտիկական տարածություն, այլևս չի կարող հումք ծառայել նոր աստղերի ձևավորման համար։ Ահա թե ինչու է ենթադրվում, որ հսկա գազի արտահոսքը, ի վերջո, կարող է հանգեցնել գալակտիկաների մահվան, քանի որ դրանք կկորցնեն աստղեր ձևավորելու իրենց ունակությունը և կսկսեն դանդաղ «մեռնել»: Իսկ NGC 4383-ի ուսումնասիրության տվյալները դրա հստակ վկայությունն են:

Չափումները ցույց են տվել, որ գալակտիկայի կողմից արտանետվող գազի միջին արագությունը վայրկյանում 210 կիլոմետր է, իսկ առավելագույնը հասնում է վայրկյանում 300 կիլոմետրի։ Այս արժեքները լավ համընկնում են տեսական մոդելների հետ, որոնք հաշվի են առնում NGC 4383-ի տեսանելի աստղային զանգվածը և դրանում աստղերի ձևավորման դիտվող արագությունները: Հաշվարկները ցույց են տալիս նաև, որ տարեկան այս գազի արտահոսքի միջով անցնում է գրեթե 2 մլն արևի զանգվածին համարժեք նյութի զանգված։ Համեմատության համար նշենք, որ մեր Գալակտիկայի ողջ նյութի զանգվածը գնահատվում է մոտ 600 մլրդ Արեգակի զանգված:

Նշվում է, որ NGC 4383-ում իոնացված գազի կառուցվածքի նման մանրամասն ուսումնասիրությունը հնարավոր է դարձել ժամանակակից գործիքների յուրահատուկ հնարավորությունների շնորհիվ։ Մասնավորապես, օգտագործվել է MUSE (Multi Unit Spectroscopic Explorer) սպեկտրոգրաֆը Չիլիի Եվրոպական հարավային աստղադիտարանի շատ մեծ աստղադիտակի և 66 ռադիոաստղադիտակներից բաղկացած ALMA համալիրի վրա։

Հետազոտության արդյունքները ստացվել են MAUVE (MUSE and ALMA Unveiling the Virgo Environment) միջազգային գիտական ​​ծրագրի շրջանակում, որի նպատակն է ուսումնասիրել գալակտիկաներից գազերի հզոր արտանետումների դերը դրանց հետագա էվոլյուցիայի և հնարավոր մահվան մեջ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ