Իսպանիայի երկնքում աստերոիդ է պայթել (տեսանյութ)

20 մայիսի, 2024  13:30

Իսպանիայի և Պորտուգալիայի երկնքում մայիսի 18-ին՝ Գրինվիչի ժամանակով 22։46-ին, երկնաքար է պայթել՝ լուսավորելով շրջակայքը։ Իրադարձությունը հաստատել է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA), որն իր տեսախցիկներով ֆիքսել է երկնաքարի բռնկման պահը Իսպանիայի Կասերես քաղաքում։

Երկնաքարն ընթանալիս է եղել մոտ 160,000 կմ/ժ արագությամբ: ESA-ը հավելել է, որ երկնաքարը, ամենայն հավանականությամբ, այրվել է Ատլանտյան օվկիանոսում՝ Երկրից մոտ 60 կիլոմետր բարձրության վրա:

ESA-ն X սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ Կասերեսում իրենց տեսախցիկը նկատել է այս ապշեցուցիչ երկնաքարն անցած գիշեր, և մոլորակային պաշտպանության գրասենյակը ներկայումս վերլուծում է օբյեկտի չափն ու հետագիծը՝ գնահատելու համար հավանականությունը, թե արդյոք նյութի որևէ մաս հասել է Երկրի մակերես:

Հիշեցնենք, որ Բեռլինում այս տարվա հունվարին աստերոիդ էր պայթել։ Ընդորում՝ գիտնականներն այն հայտնաբերել էին պայթյունից մի քանի ժամ առաջ։ Աստերոիդները, մտնելով Երկրի մթնոլորտ, որպես կանոն այնտեղ էլ այրվում են։ Սակայն երբեմն դրանց բեկորները հասնում են Երկրի մակերես։ Օրինակ՝ 2013-ին 20 մետր լայնությամբ աստեորիդ էր պայթել Ռուսաստանի հարավ-արևելքում գտնվող Չելյաբինսկ քաղաքի երկնքում՝ կոտրելով հազարավոր շենքերի ապակիներ: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ