FTX-ի փլուզումից հետո օգտատերերը Binance-ի իրենց հաշիվներից $1,35 մլրդ-ի բիթքոյն են հանել

16 նոյեմբերի, 2022  18:31

FTX կրիպտոբորսայի սնանկացումը ազդել է ողջ կրիպտոինդուստրիայի վրա. օգտատերերը Binance-ից՝ կրիպտոարժույթների աշխարհի ամենամեծ բորսայից, ռեկորդային ծավալի բիթքոյն, Ethereum և ստեյբլքոյն են դուրս հանում իրենց հաշիվներից։

CryptoQuant-ի տվյալներով՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում օգտատերերը Binance-ից հանել են 81,712 բիթքոյն՝ մոտ 1,35 միլիարդ դոլար արժողությամբ, 125,026 Ethereum՝ 155 միլիոն դոլար արժողությամբ, և 1,14 միլիարդ դոլար արժողությամբ ստեյբլքոյն։

Շատ փորձագետներ պնդում են, որ կրիպտոարժույթի բորսաներից միջոցների դուրսբերումը լուրջ խնդիր է դարձել ոլորտի համար: Coinglass-ի տվյալներով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում կրիպտոբորսաներից դուրս է բերվել մոտ 200,000 բիթքոյն, ինչի արդյունքում բորսաներում պահվող թոքենների թիվը նվազել է՝ հասնելով 1,88 միլիոնի։

Ընդորում, դրա պատճառով տուժել է ոչ միայն Binance-ը, այլև Coinbase-ը, Gemini-ն և Kraken-ը:

Այս ֆոնին Binance-ի գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն խոստացել է կրիպտոարժույթների արդյունաբերությունը վերականգնելու համար ֆոնդ ստեղծել: Այս հայտարարությունը դրական ազդեց ոլորտում տիրող իրավիճակի վրա, և բիթքոինի և որոշ այլ կրիպտոարժույթների արժեքը բարձրացավ։

Այս պահին մեկ բիթքոյնն արժե մոտ 16,735 դոլար։

Երբ հայտնի դարձավ, որ FTX կրիպտոբորսան խնդիրներ ունի, բիթքոյնի և այլ արժույթների գինն սկսեց ընկնել։ Նոյեմբերի 9-ի երեկոյան այն հասել էր 15,625 դոլար ռեկորդային ցածր ցուցանիշի։ Ընդորում՝ մեկ տարի առաջ այս կրիպտոարժույթը հասել էր իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ 68,982 դոլար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ