Qatar Airways-ը ներկայացրել է ԱԲ-ով գործող առաջին վիրտուալ օդուղեկցորդուհուն

28 մարտի, 2024  14:10

Qatar Airways ավիաընկերությունը ներկայացրել է արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող առաջին վիրտուալ բորտուղեկցորդուհուն, որի նպատակն է օգնել հաճախորդներին ինչպես օդանավակայաններում, այնպես էլ ինքնաթիռներում:

Sama 2.0 անունն ստացած վիրտուալ բորտուղեկցորդուհին ներկայացվել է այս շաբաթ տեղի ունեցած ITB Berlin խոշոր ցուցահանդեսի ժամանակ: Այն հասանելի է նաև իր մետավերսի միջոցով, որը կոչվում է Qverse, և Qatar հավելվածով։

Ավիաընկերությունը և Sama-ն մշակած UneeQ ընկերությունը պնդում են, որ թվային օգնականը, որի անունը արաբերեն նշանակում է «երկինք», համատեղում է «տեխնոլոգիան կարեկցանքի և անհատականացման հետ» և առաջարկում «գրավիչ փոխազդեցություններ, որոնք արտացոլում են մարդկային խոսակցությունները»:

Այն նախագծված է սովորելու հաճախորդների վարքագծից «համապարփակ տեսողական փոխազդեցությունների» միջոցով, որպեսզի «օգնի իր ուղևորներին ստեղծելու անհատական ճանապարհորդական փորձառություն»։

Ուղևորները կարող են առավելագույնս օգտվել Sama-ի ծառայություններից՝ կիրառելով ավիաընկերության Qverse-ը: Այնտեղից վիրտուալ օգնականը կարող է, օրինակ, ուղևորներին առաջարկել օդանավակայանների 3D քարտեզներ և օգնել կողմնորոշվել տեղանքում, իրական ժամանակում պատասխանել ուղեբեռի, գրանցման և այլ հարցերի մասին։ Ընդորում՝ Sama-ի հետ հնարավոր է հաղորդակցվել ինչպես գրավոր՝ չատով, այնպես էլ բանավոր՝ հարց ու պատասխան ձևաչափով։

Վիրտուալ օգնականը ներկայումս տիրապետում է միայն անգլերենին, սակայն նախատեսվում է, որ այս տարվա վերջին սահուն կտիրապետի այլ լեզուների ևս, ներառյալ արաբերենին:

«Սա շատ կարևոր պահ է տեխնոլոգիայի և մարդկային կապի միջև հաջող սիներգիան առաջ մղելու համար՝ ոչ միայն Qatar Airways-ի, այլ նաև ամբողջ արդյունաբերության համար»,- ասել է ընկերության մարքեթինգի փոխնախագահ Բաբար Ռահմանը՝ հավելելով, որ փոխազդեցությունները կլինեն «հեշտհասանելի և բարեհամբույր»։


 
 
 
 
  • Արխիվ