DDF24-ի խոսնակ Դիրք Օլմայերը կիսվում է փոփոխության հանդեպ դիմադրությունը հաղթահարելու իր ռազմավարությամբ

26 մարտի, 2024  17:06

Թվային փոխակերպումների ուղին հարթ անցնելու կարևոր նախապայման է մարդկային կապիտալի պատրաստվածությունը: Ինչպե՞ս ընտրել ղեկավարներ, ովքեր կհավատան փոփոխությունների կարևորությանն ու կառաջնորդեն իրենց թիմերին այս գործընթացում: Ինչպե՞ս մոտիվացնել սեփական թիմի անդամներին ընդունելու թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն ու հաղթահարել կազմակերպության ներսում փոփոխությունների հանդեպ դիմադրությունը։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ապրիլի 3-ին կայանալիք Doing Digital Forum 2024-ի գաղափարակիր խոսնակ Դիրք Օլմայերի հետ, ով առաջնորդության հմտությունների փորձագետ և խորհրդատու է, Just Better, the first People Growth Organization ընկերության գործադիր տնօրենը:

Ո՞րն է գործադիր ղեկավարների դերը թվային դարաշրջանի ընձեռած հնարավորություններն ընդունելու և նոր տեխնոլոգիաները կիրառելու հարցում։

Աշխատակիցների կողմից  նոր տեխնոլոգիաների ընդունման և ադապտացման գործում կարևոր է ղեկավարների կողմից տարվող աշխատանքները, քանի որ նրանք են, որ թիմակիցների մեջ արթնացնում են փոփոխությունների ձգտումը, ինչպես նաև օգնում յուրաքանչյուրին իր աշխատանքում գտնել այն գործառույթը, որը հնարավոր է թվայնացնել։ Աշխատակիցները պետք է իմանան, որ դա ոչ թե տանում է մարդկային աշխատուժի կրճատման, այլ ավելի ստեղծագործ աշխատանքի՝ արդյունքում տալով ավելի մեծ արժեք կազմակերպությանը: 

Որո՞նք են կազմակերպությունների առաջնորդների երեք հիմնական որակները, որոնք անհրաժեշտ են նոր իրականությունում հաջողության հասնելու համար։

Ընդհանրապես ժամանակակից կառավարման մեթոդաբանության մեջ հաջողում են այն ղեկավարները, որոնք ունեն այս երեք հիմնական հատկանիշներն ու հմտությունները։ Թիմ ձևավորելու կարողություն. առաջնորդները պետք է գիտակցեն, որ իրենք ամեն ինչի մասնագետ չեն, բայց ունեն կարողություն համախմբելու լավագույն մասնագետներին մեկ թիմում հաջողության հասնելու համար: Ոգեշնչելու ունակություն․ առաջնորդները պետք է մոտիվացնեն աշխատակիցներին՝ ընդունելու փոփոխությունները և առաջնորդվելու ընկերության մեկ ընդհանուր տեսլականով՝ այդպիսով խթանելով միասնության և մեկ նպատակի ծառայելու գաղափարը։ Նորարարությունների հանդեպ բաց լինելը․ հաջողում են նրանք, ովքեր բաց են ընդունելու նոր գաղափարներ ու զարգացնելու կառուցողական քննադատության մշակույթը, ովքեր ստեղծում են մի միջավայր, ուր խրախուսվում է նորարարական մտածելակերպը և «ես մշակույթը» փոխարինվում հավաքական «մենք մշակույթով»։ 

Ինչպես գիտենք, մարդկային կապիտալը թվային տնտեսության հիմնասյուներից է։ Ինչպե՞ս կարող են կազմակերպությունները մոտիվացնել սեփական թիմի անդամներին ընդունելու թվային փոխակերպումների բերած հնարավորությունները և դառնալ փոփոխությունների մաս։ Եվ ի՞նչպես հաղթահարել կազմակերպության ներսում փոփոխությունների հանդեպ դիմադրությունը։

Թվային փոխակերպումն ինչ-որ անձի կամ ստորաբաժանման համար հերթական հանձնարարականը չէ, դա առաջին հերթին թիմային մեծ աշխատանք է և նպատակ: Անհրաժեշտ է, որ կազմակերպությունները հաղորդակցվեն իրենց թիմերի հետ ու կիսվեն ապագայի ընդհանուր տեսլականով: Պարզապես փոփոխություններ թելադրելու փոխարեն, առաջնորդները ցանկալի է առավել ներգրավեն իրենց աշխատակիցներին փոխակերպումների գործընթացում և փաստարկված ձևով ներկայացնեն այն հնարավորություններն ու առավելությունները, որ տալիս է թվային դարաշրջանը: Բաց երկխոսությունը խրախուսելը և ապագայի վերաբերյալ կարծիքների փոխանակումը կնպաստի, որ այդ գործընթացի բոլոր մասնակիցների շրջանում ձևավորվի որոշակի էմոցիոնալ կապ փոխակերպման գործընթացի հանդեպ՝ խթանելով մարդկանց հետաքրքրությունն ու սեփականության զգացումը։ Փոփոխություններին դիմադրությունը հաղթահարելու համար կարևոր է փարատել բոլոր մտահոգություններն ու անորոշությունները՝ ամբողջ ընթացքում առաջարկելով աջակցություն, ռեսուրսներ և հստակ հաղորդակցություն: Երբ թիմի անդամները գիտակցում են, որ դա ոչ թե պարտադրված փոփոխություն է, այլ խոստումնալից ապագային հասնելու համատեղ փորձառություն, նրանք ավելի նվիրված ու ոգևորությամբ են կատարում իրենց աշխատանքը։ 

Որո՞նք են գործադիր առաջնորդներ ներգրավելու մարտահրավերները և ընկերությունների կողմից դրանք հաղթահարելու ուղիները։

Ի տարբերություն անցյալի, երբ ապագան հարաբերականորեն կանխատեսելի էր, այսօրվա իրականությունը պահանջում է նոր մոտեցումներ: Խորհրդի անդամները և գործադիր տնօրենները հաճախ բախվում են անորոշության հետ՝ վստահ չլինելով, թե որն է հաջողության հասնելու ճշգրիտ ուղին: Գործադիր առաջնորդներ որոնող մեր ընկերությունում մենք գիտակցում ենք, որ այս անորոշությունը կարող է վերածվել նորարարության ու աճի հզոր կատալիզատորի: Կազմակերպության կարիքների վերաբերյալ հստակ ինֆորմացիա ապահովելով և մեր կողմից ընտրված գործադիր թեկնածուների նկատմամբ վստահություն սերմանելով՝ մենք ընկերություններին հնարավորություն ենք տալիս վստահորեն առաջ շարժվելու և հաղթահարելու առկա բարդությունները։ Կենտրոնանալով այս երկու հատկանիշների վրա՝ հստակություն և վստահություն, կազմակերպությունները ոչ միայն կգոյատևեն, այլև կզարգանան անընդհատ փոփոխվող թվային միջավայրում:

Կհիշե՞ք հաջողության որևէ պատմություն, երբ Ձեր ընկերության՝ Just Better, the first People Growth Organization-ի կողմից ընտրվել է ղեկավար թվային փոխակերպումների բարդ գործընթացով անցնող բիզնեսի համար։ 

Just Better-ը մարդկանց աճի կազմակերպություն է, որն ունի հարուստ պատմություն աջակցելու բիզնեսներին հաջողությամբ հաղթահարելու թվային տնտեսության բարդությունները: Օրինակ՝ Եվրոպայում մեքենաշինական ընկերության հետ վերջերս մեր ունեցած համագործակցությունը: Շուկայի վերլուծության և ավանդական խորհրդատվություն տրամադրելու փոխարեն, մենք յուրօրինակ մոտեցում ցուցաբերեցինք: Օգտվելով ինչպես աշխատակիցների, այնպես էլ ղեկավարության մտքերից ու մոտեցումներից, մենք բացահայտեցինք նրանց հիմնական համոզմունքները, ձգտումներն ու մտահոգությունները: Այս անգնահատելի տեղեկատվությունը մեզ թույլ տվեց ստեղծել ռազմավարական ճանապարհային քարտեզ, որը համահունչ էր ընկերության  բնույթին և շուկայի զարգացումներին: Արդյունքում, ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրենը փոխարինվեց մեկ ուրիշ անձով, ինչը ռազմավարականորեն որոշում էր և նպատակն էր դիրքավորել ընկերությունը կայուն աճի և զարգացող թվային իրականությանը հարմարվելու համար: Տաղանդների ներգրավման համագործակցային այս մոտեցումը ցույց է տալիս փաստարկված փոփոխություններ  իրականացնելու ու արագ փոփոխվող բիզնես միջավայրում հաջողություն ապահովելու մեր հանձնառությունը:

Որպես գաղափարակիր առաջնորդ, ի՞նչ ուղի եք կանխատեսում բիզնեսների համար ապագայում:

Ըստ իս՝ բիզնեսները բնութագրվելու են ավելի փոքր, բայց բավականին արդյունավետ կազմակերպչական կառուցվածքներին անցումով։ Առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ՝ բիզնեսները կօգտագործեն ճկուն թիմերի (lean team` ընկերության ներսում ձևավորված թիմ, որոնց աշխատանքն ուղղված է բիզնես գործընթացների օպտիմալացմանը, արդյունավետության բարձրացմանն ու կորուստը նվազեցնելուն) ուժը՝ ուշագրավ արդյունքներ գրանցելու համար: Բայց հաջողության գրավականը միայն տեխնոլոգիաները յուրացնելու մեջ չէ, այլ այնպիսի մշակույթ ներդնելու, որտեղ յուրաքանչյուր թիմակից խորապես հավատարիմ կլինի կազմակերպության առաքելությանն ու արժեքներին: Այսպիսով՝ բիզնեսները կվերածվեն դինամիկ հոլդինգային ընկերությունների, որոնցից յուրաքանչյուրը կներառի հզոր թիմեր, որոնք առաջնորդվում են նպատակի և պատկանելության ընդհանուր զգացումով: Արդյունավետ առաջնորդությունը կհիմնվի մարդկանց ոգեշնչելու և գործընթացները կառավարելու վրա՝ խթանելով հավատարմությունն ու ներգրավվածությունը, որն ավելին է, քան պարզապես դրամական խրախուսումը:

Ի՞նչ նոր մտքերով ու գաղափարներով եք կիսվելու Doing Digital Forum-ի ժամանակ։

Ֆորումի ընթացքում նպատակ ունեմ բացահայտելու գործնական ռազմավարություններ և փորձով ապացուցված ճշմարտություններ թվայնացման բարդ գործընթացն արդյունավետ իրականացնելու համար։ Ներգրավված փորձի և իրական պատմությունների միջոցով ներկաները սեփական օրինակով կհասկանան, թե ինչպես որդեգրել նոր մտածելակերպ, ուժեղացնել կենտրոնացումն ու արագացնել որոշումների կայացումը, որոնք թվային նախաձեռնություններում հաջողություն գրանցելու նախապայման են։


 
 
 
 
  • Արխիվ