Ի՞նչ խոցելիություններ կան Google-ի ծառայություններում և որքա՞ն է ընկերությունը 2023-ին վճարել դրանք հայտնաբերողներին

13 մարտի, 2024  20:11

2023-ին Google-ը 10 միլիոն դոլար է վճարել այն հետազոտողներին, որոնք իր ծառայություններում և նախագծերում խոցելիություններ են հայտնաբերել։ Սա 2 միլիոն դոլարով պակաս է, քան 2022-ին վճարված գումարը։

Փորձագետները կարծում են, որ թեև այս գումարը ավելի քիչ է 2022-ի ցուցանիշի համեմատ, այն, այդուհանդերձ, զգալի է, իսկ այս հարցում ընկերության վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ այն շահագրգռված է, որպեսզի անվտանգության հարցերով զբաղվողները մեծ հետաքրքրություն ցուցաբերեն՝ մասնակցելու անվտանգությանն ուղղված Google-ի ջանքերին: Համեմատության համար նշենք, որ 2023-ին Yandex-ը հետազոտողներին 770,000 է վճարել նույն նպատակով։

2023-ին Google-ի ծառայությունների խոցելիության մասին զեկույցի համար ամենաբարձր պարգևը կազմել է 113,337 դոլար: Վճարումները ստացել են 68 երկրից 632 սպիտակ հաքերներ: 2010-ին իր ծառայություններում խոցելիությունները բացահայտելու ծրագրի մեկնարկից ի վեր Google-ը, ընդհանուր առմամբ, որպես պարգև 59 միլիոն դոլար է վճարել 84 երկրից անվտանգության հետազոտողների ավելի քան 15 հազար խոցելիության մասին հայտնելու համար:

google bounty.png (689 KB)

Google-ը 2023-ին Android-ում հայտնաբերված խոցելիության համար վճարել է ավելի քան 3,4 միլիոն դոլար: Հետազոտության առարկա է դարձել նաև Google-ի մեկ այլ խոշոր նախագիծ՝ Chrome դիտարկիչը, որի հետ կապված մասնագետներն ընկերությանն ուղարկել են  անվտանգության 359 խոցելիություն և դրա դիմաց Google-ը 2023-ին վճարել է ընդհանուր առմամբ 2,1 միլիոն դոլար: Ընկերության այլ խոշոր վճարումները կապված են արհեստական բանականության ամպային արտադրանքի խոցելիության մասին զեկույցների հետ, ինչպիսիք են Google Cloud-ը և Google չատբոտ Gemini-ը (Bard):

2023-ին Google-ը նաև շարունակել է Mobile VRP ծրագիրը երրորդ կողմի Android հավելվածներում խոցելիություններ գտնելու համար: Ընկերությունը հասանելիություն է բացել Bughunters Blog առցանց հարթակին, որտեղ սպիտակ հաքերները համացանցում անվտանգության վերաբերյալ գաղափարներ են փոխանակում։ Բացի դրանից՝ Google-ը 2023-ին տեղեկատվական անվտանգության մի քանի համաժողովներ է անցկացրել։

google bounty 2.png (595 KB)

Անցյալ տարի Google-ը նաև ավելի քան 200,000 դոլարի դրամաշնորհ է հատկացրել անվտանգության հետազոտողներին, ինչպես նաև ընդունել է զեկույցներ Android Chipset Security Reward ծրագրի (ACSRP) միջոցով, որին կարող են մասնակցել միայն հրավիրյալները: Սա Google-ի պարգևատրման մասնավոր ծրագիր է, որն աշխատում է Android չիպերի մշակողների հետ համագործակցությամբ:


 
 
 
 
  • Արխիվ