Աշխարհում բջջային սարքերի վրա գրոհների թիվը 2023-ին աճել է 52%-ով. «Կասպերսկի»

12 մարտի, 2024  10:50

«Կասպերսկի» ընկերության փորձագետները վերլուծել են 2023-ի մոբայլ սպառնալիքների լանդշաֆտը և եկել եզրակացության, որ բջջային սարքերի անվտանգության սպառնալիքների աճող տարածվածությունն ուղեկցվում է վնասաբեր գործիքների և տեխնոլոգիաների զարգացմամբ: Ընկերության փորձագետների կարծիքով՝ գրոհների թվի աճի նկատելի միտում է նկատվում. 2023-ին նման գրոհների թիվը հասել է 33,790,599-ի, ինչը զգալի՝ գրեթե 52% աճ է 2022-ին գրանցված 22,255,956 գրոհի համեմատ:

Բջջային սարքերի համար ամենատարածված սպառնալիքը եղել է գովազդային ԾԱ-ն՝ ծրագրային ապահովման մի տեսակ, որը ցուցադրում է անցանկալի (և երբեմն նյարդայնացնող) լողացող գովազդներ, որոնք կազմում են հայտնաբերված բոլոր սպառնալիքների 40,8%-ը: Ինչ վերաբերում է բանկային տրոյական վիրուսներին, ապա նման չարամիտ ծրագրերի տեղադրման փաթեթների քանակը նվազել է մինչև 153,682՝ նախորդ տարվա կտրուկ աճից հետո, երբ այդ ցուցանիշը կրկնապատկվել էր: Միևնույն ժամանակ, բջջային բանկերների օգտագործմամբ գրոհների թիվը մնացել է գրեթե նույն մակարդակի վրա։

«Կասպերսկի»-ն հայտնում է, որ կիբեռհանցագործները հաճախ բջջային սպառնալիքներ են տարածում հավելվածների  ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական խանութների միջոցով: 2023-ին ընկերության փորձագետները հայտնաբերել են բազմաթիվ վնասաբեր հավելվածներ, որոնք թափանցում են Google Play։ 2023-ին քողարկման ամենատարածված տեսակներից մեկը կեղծ ներդրումային հավելվածներն էին, որոնք օգտագործում էին սոցիալական ինժեներիայի մարտավարություն՝ օգտատերերի անձնական տվյալները, առաջին հերթին հեռախոսահամարներն ու լրիվ անունները կորզելու համար։ Դրանք հետագայում ավելացվում էին հեռախոսային խարդախության համար օգտագործվող տվյալների բազաներում: Դիտարկված գրոհների մյուս տարածված ուղղությունը WhatsApp-ի և Telegram-ի վնասաբեր մոդերն էին, որոնք նախատեսված էին օգտատերերի տվյալները գողանալու համար:

«2023-ի ընթացքում Android-ի համար վնասաբեր ծրագրերի ակտիվության աճը նշանավորում է տագնապալի տեղաշարժ հարաբերական հանգստի ժամանակահատվածից հետո: Տարեվերջին հասնելով մակարդակների, որոնք հիշեցնում են 2021-ի սկիզբը, այս աճն ընդգծում է այն նշանակալի սպառնալիքը, որին բախվում են օգտատերերը: Սա վառ հիշեցում է զգոնության պահպանման կարևորության և զարգացող կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար անվտանգության հուսալի միջոցների ներդրման մասին»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության մոբայլ անվտանգության փորձագետ Անտոն Կիվվան:

2023-ի բջջային սպառնալիքներին նվիրված ամբողջական հաշվետվությանը կարելի է ծանոթանալ Securelist.com կայքում։


 
 
 
 
  • Արխիվ